Բաժիններ՝

«Քիչ քանակով, բայց որակով». Փաշիկ Ալավերդյանը՝ Աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի մասնակցության մասին

Տոկիոյում ավարտվել է ծանրամարտի Աշխարհի երիտասարդական առաջնությունը: Այս առաջնությունում Հայաստանը ունեցավ մեկ ոսկե մեդալ, որը նվաճեց Սիմոն Մարտիրոսյանը: Սամվել Գասպարյանն ու Սոնա Պողոսյանն էլ արժանացան բրոնզե մեդալների:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը Աշխարհի երիտասարդական առաջնությունը ամփոփելուց առաջ խոսեց Եվրոպայի առաջնության մասին՝ նշելով, որ թիմը բավականին լավ հանդես եկավ, մարզիչները գոհ են, քանի որ թիմը շատ մեդալներ նվաճեց:

Փաշիկ Ալավերդյանը նշում է, որ Աշխարհի երիտասարդական առաջնությանը մասնակցելու համար լուրջ ֆինանսներ էին պետք: Այդ իսկ պատճառով մասնակցեցին այն մարզիկները, ովքեր կարող էին մեդալ նվաճել:

«Քիչ քանակով, բայց որակով»,- Փաշիկ Ալավերդյանը այսպես մեկնաբանեց Հայաստանի հավաքականի մասնակցությանը աշխարհի երիտասարդական առաջնությանը:

Ըստ հավաքականի մարզչի՝ Սոնա Պողոսյանը հրաշալի արդյունք գրանցեց: Նա զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը և գրանցեց իր լավագույն արդյունքը:

Արփինե Դալալյանը, ով պատանեկան հարթակից նոր է տեղափոխվել երիտասարդական հարթակ ևս բավականին լավ հանդես եկավ, և ըստ պարոն Ալավերդյանի՝մեդալ նվաճելու շատ մեծ հնարավորություն ուներ:

Խոսելով աղջիկների մասին՝ Փաշիկ Ալավերդյանը նշում է, որ մրցաշարերից առաջ նրանք աճում են, ինչը նշանակում է, որ մեծ հույս կա:

Խոսելով բրոնզե մեդալ նվաճած Սամվել Գասպարյանի մասին՝ Փաշիկ Ալավերդյանը նշում է, որ նա իր հնարավորություններից ավելի ցածր մակարդակով հանդես եկավ: Մարզիչը դժգոհ է Գասպարյանի ելույթներից, քանի որ նա Եվրոպայի առաջնությունում պոկել է 165 կգ և հրել 210 կգ: Եթե աշխարհի առաջնությունում նա նման արդյունք ունենար, ապա կդառնար չեմպիոն: Սա Սամվել Գասպարյանի վերջին մրցումն էր երիտասարդական հարթակում: Փաշիկ Ալավերդյանի խոսքով՝ Սամվել Գասպարյանը հուսահատվելու իրավունք չունի:

Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը 19 տարեկանում դարձավ նաև Աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող: Փաշիկ Ալավերդյանը նշում է, որ նման բան հայկական ծանրամարտի պատմության մեջ տեղի չէր ունեցել:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս