Սիրողականից՝ պրոֆեսիոնալ ռինգ՝ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսով. Հովհաննես Բաչկով
Խարկովում ավարտվել է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այս առաջնության 64 կգ քաշային կարգում չեմպիոն դարձավ Հայաստանը ներկայացնող Հովհաննես Բաչկովը: Հայ մարզիկը նշում է, որ սա այն դեպքն էր, որ իրեն չխանգարեցին մրցավարները, իսկ ինքն էլ լավ մարզավիճակում էր:
Բաչկովը նշել է, որ նախկինում իրեն չէր հաջողվում մեդալ նվաճել ինչ-ինչ պատճառներով, իսկ այս անգամ իրեն ոչինչ չխանգարեց:
«Ինձ տանջում էր այն միտքը, որ մեդալ չեմ նվաճել: Ունեմ պրոֆեսիոնալ ռինգ տեղափոխվելու մտադրություն, սակայն չէի կարող անել դա, մինչև սիրողական ռինգում մեդալ չնվաճեի: Հիմա պատրաստվում ենք Աշխարհի առաջնությանը: Այդ առաջնությունից դրական և հաղթական սպասելիքներ ունենք»,- նշել է Բաչկովը:
Բաչկովի հաղթական մենամարտից հետո Խարկովի հայ համայնքը կենդանի երաժշտությամբ դիմավորեց հայ մարզիկին: Բաչկովը նշում է, որ դա շատ հաճելի էր:
«Բոլորը հիացած էին այդ նախաձեռնությամբ: Շատերն էին դրա մասին հարցնում: Պետք է շնորհակալություն հայտնեմ Խորկովի հայերին, քանի որ նրանք մեզ շատ լավ ընդունեցին և հիանալի աջակցեցին:
Շնորհակալ եմ բոլոր հայերին աջակցության և վստահության համար»,-նշում է հայ մարզիկը:
Սիրարփի Աղաբաբյան