Արցախի Ազգային ժողովում հյուրընկալել են հայտնի քաղաքագետ Ավիգդոր Էսկինին
Հունիսի 27-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովում հյուրընկալել են իսրայելցի հայտնի քաղաքագետ, հասարակական գործիչ Ավիգդոր Էսկինին:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ հյուրը կարևորել է հայ ժողովրդի հետ ունեցած իր բարեկամական հարաբերությունները և ընդգծել, որ Արցախ է ժամանել այն ավելի մոտիկից ճանաչելու, արցախցիներին ավելի լավ հասկանալու, ինչպես նաև այցից ստացած տպավորությունները իր հայրենակիցների հետ կիսվելու համար:
«Ես եկել եմ այստեղ ոչ թե ինչ-որ բան պատմելու, այլ հիմնականում սովորելու համար: Հայ ժողովուրդը, որ մարդկությանը բազմաթիվ հայտնի մարդիկ է տվել, արժանի է մեծ ուշադրության և հարգանքի, նրա փորձը պետք է իմաստավորվի ողջ մարդկության կողմից»,- նշել է Ավիգդոր Էսկինը:
Պատասխանելով խորհրդարանականների հարցերին՝ քաղաքագետը անդրադարձել է արցախյան հիմնախնդրի վերաբերյալ իր մոտեցումներին, հայ-իսրայելական հարաբերությունների զարգացման հեռանկարներին, հրեական հայրենադարձության հաջողված փորձը Հայաստանում և Արցախում կիրառելու անհրաժեշտությանը և մի շարք այլ թեմաների:
Հյուրին ուղեկցել և պատգամավորներին է ներկայացրել Հայ-ռուսական համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը: