«Օրենքում գրված է, որ տարին պետք է փակվի դրական սալդոյով, մենք դրական սալդոն ապահովում ենք»
Սևանից այս տարի 100 մլն խմ հավելյալ ջրառն անհրաժեշտություն է, քանի որ եղանակային պայմանների պատճառով ջրամբարներում քիչ ջուր է ամբարվել, և գյուղատնտեսական հողատեսքերը ոռոգելու լուրջ խնդիր կա: Նման տեղակետ այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց Ջրային պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը:
Ըստ նրա` եթե անցած տարի այս օրերին Ախուրյանի ջրամբարն ամբողջությամբ լցված էր, ապա այս պահին 230 մլն խմ պակաս ջուր կա, Ազատի ջրամբարում` 17 մլն խմ: Ա. Հարությունյանը նշեց, որ տարին բավականին ձնառատ էր, բայց գարնան անձրևները, որ պետք է այդ ձյունն ուղեկցեին ջրամբարներ, չեն եղել և ձյունը կամ գոլորշիացրել է, կամ ներծծվել հողի մեջ:
Ա. Հարությունյանի խոսքով` Սևանն ունի մակարդակի վերին շեմ` 1902 մ 63սմ, որից ավելիի դեպքում ջուրը կլցվի Արփա-Սևան թունել, հետևաբար մշտական բարձրացում չի կարող լինել, իսկ այսօր արդեն 1900մ 91սմ է. «Օրենքում գրված է, որ տարին պետք է փակվի դրական սալդոյով, մենք դրական սալդոն ապահովում ենք: Ջուրը բարձրանալու է, մի օր կանգնելու է»:
Ա. Հարությունյանը նշեց, որ Վեդու ջրամբարի շինարարության մեկնարկը տրվել է, աշխատանքներն ակտիվ ընթանում են, գուցե ժամկետից շուտ ավարտվեն:
Ոռոգման ջրի համակարգում կորուստների մասին, ըստ կոմիտեի նախագահի, հնարավոր կլինի խոսել սեզոնի ավարտին, քանի որ միայն այս տարի են հաշվիչներ տեղադրել: