«Մենք կստեղծենք պատմություն նորից» («We will make history again). Աբրահամ Խաշմանյան
Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում Հայաստանի առաջնության չեմպիոն «Ալաշկերտը» կհանդիպի Անդորրայի չեմպիոն «Սանտա-Կոլոմային»:
Սպասվելիք խաղի մասին է խոսել հայկական թիմի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը:
Ավելի վաղ Աբրահամ Խաշմանյանը նշել էր, որ թիմը անելու է ամեն բան հաղթանակ տոնելու համար:
«Ի տարբերություն մյուս թիմերի, այս մրցակցին մենք ճանաչում ենք: Մնացածը ցույց կտան առաջիկա խաղերը: Գիտենք, թե «Սանտա-Կոլոման» ինչ թիմ է, ինչ է անում խաղադաշտում`թե ֆուտբոլային, թե հակաֆուտբոլային տեսանկյունից: Նախորդ դիմակայությունից արդեն մեկ տարի է անցել` միգուցե շատ բան է փոխվել: Ամեն դեպքում, պետք է ամեն ինչ անենք, որպեսզի հաղթահարենք առաջին փուլի արգելքը: Կարծում եմ՝ լավ է, որ առաջին հանդիպումը կանցկացնենք սեփական հարկի տակ:
ԲԱՏԷ-ի մասին կսկսենք մտածել միայն «Սանտա-Կոլոմայից» հետո: Ամեն դեպքում, այստեղ պատրաստվում եմ դիտել ԲԱՏԷ-ի մասնակցությամբ հանդիպում:
Կկարողանանք կարծիք կազմել նաև այս թիմի մասին: Սակայն մենք կենտրոնանում ենք «Սանտա-Կոլոմայի» հետ դիմակայության վրա»:
Աբրահամ Խոշմանյանը վերհիշել է այս թիմի հետ նախորդ խաղերը և տեղի ունեցած միջադեպերը: Ըստ Խաշմանյանի՝ պետք չէ կենտրոնոնալ այդ միջադեպերի վրա և լարվածություն ստեղծել:
Աբրահամ Խաշմանյանը նշում է, որ շատ լավ են ճանաչում մրցակցին, և, կարելի է ասել, որ խաղալու են Անդորրայի հավաքականի դեմ: Հայաստանի չեմպիոնը ուսումանսիրել է մրցակցի խաղը և արդեն իսկ ճանաչում է թիմի նոր ֆուտբոլիստներին:
Խաշմանյանը նշում է, որ թիմը պատրաստ է հանդիպմանը:
«Չէի ասի, որ մարզավիճակի գագաթնակետին ենք, քանի որ դրա համար կա պատճառ: Առաջնությունից հետո թիմը արձակուրդում էր: Թիմը լավ մարզավիճակում է լինում, երբ խաղեր է անցկացնում:
Մենք ուժեղ ենք պաշտպանությունում: Հարձակման գծում հզոր չենք, բայց ունենք Հեբերի նման հարձակվող: Նոմինալ հարձակվողի փոխարեն ունենք Ուրոշ Նենադովիչին»,-նշում է Խաշմանյանը:
Խաշմանյանը նշում է, որ թիմը կանի ամեն ինչ նորից հաջողությունների հասնելու համար:
«Մենք կստեղծենք պատմություն նորից» («We will make history again»),-վստահ է Խաշմանյանը:
Ասուլիսին ներկա էր նաև «Ալաշկերտի» կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը, ով նշում է, որ թիմը լավ պատրաստվել է հանդիպմանը, իրենց բարդ հանդիպում է սպասվում, բայց իրենք կանեն ամեն ինչ հաղթելու համար:
Եդիգարյանը նշում է, որ կարևոր չի գոլի հեղինակ կդառնա ինքը, թե դարպասապահներ Կասպարովը կամ Բեգլարյանը, կարևորը վերջնական արդյունքն է:
Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի «Ալաշկերտ»-«Սանտա Կոլոմա» հանդիպումը կկայանա հունիսի 27-ին՝ Երևանի ժամանակով 20:00-ին:
Սիրարփի Աղաբաբյան