«Ադրբեջանի քայլերը վկայում են այդ երկրում առկա լուրջ ճգնաժամի մասին». Դավիթ Բաբայան
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հունիսի 21-ի լույս 22-ի գիշերը ձեռնարկված դիվերսիոն ներթափանցման փորձն Ադրբեջանի իշխանությունների հերթական նենգ քայլն էր, որը ձախողվեց: «Ադրբեջանի հատուկ ջոկատայինները հետ են շպրտվել՝ տալով զոհեր: Դեռևս հայտնի է, որ հակառակորդն ունի առնվազն 4 զոհ, սակայն վստահ ենք, որ նրանց զոհերի թիվը շատ ավելին է, քանի որ հակառակորդը խուճապահար հետ էր նահանջում՝ թողնելով մեծաքանակ զենք, անձնական պարագաներ, իր հետ տանելով դիեր և վիրավորներ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:
Նրա խոսքով, Ադրբեջանի նմանատիպ քայլերը վկայում են այդ երկրում առկա լուրջ ճգնաժամի մասին, ինչը բերելու է աղետի: «Ադրբեջանի իշխանությունների համար զոհերը որևէ նշանակություն չունեն, նրանց համար կարևոր է նման միջադեպերով շեղել սեփական ժողովրդի ուշադրությունը երկրում առկա ճգնաժամից, այդպիսով պահելով իշխանությունն ու շարունակելով թալանել ժողովրդին»,- ընդգծեց Դավիթ Բաբայանը:
ՊԲ մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումները, շնորհիվ մարտավարական բարձր պատրաստվածության, դիրքային համակագերի կահավորվածության և տեխնիկական պատշաճ հագեցվածության, ժամանակին հավաստանշել են դիվերսիոն խմբի առաջխաղացումը և հակառակորդին պատճառելով առնվազն 4 զոհ` հետ շպրտել ելման դիրքեր: Ադրբեջանական կողմը հայկական մերձդիրքային հատվածում թողել է հատուկ գրոհայինների անձնական պարագաներ:
Ներթափանցման փորձը կանխելու ընթացքում ՊԲ-ն կորուստներ չի ունեցել: Առաջնագծում օպերատիվ իրադրությունը շարունակում է մնալ արցախյան զինուժի լիակատար վերահսկողության ներքո: