Վարչապետի նկարած խաչը վկայում է, որ նա մեծ մեղքի զգացում ունի. հոգեբան. armtimes.com
Երեկ, երբ վարչապետ Կարեն Կարապետյանը Ազգային ժողովում էր, եւ ներկայացնում էր իր ղեկավարած կառավարության 2017-2022 թվականների գործունեության ծրագիրը, սեղանին դրված աշխատանքային թղթերի վրա հընթացս ուշագրավ նկարներ էր արել:
Այդպիսի նշումները, որպես կանոն, շատ խոսուն են լինում եւ բացահայտում են մարդու բնավորությունն ու հոգեվիճակը:
Հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Խուդոյանին armtimes.com-ը խնդրել է վերլուծել վարչապետի նկարած պատկերները:
Վարչապետի նկարած պատկերների մեջ Սամվել Խուդոյանը ամենահետաքրքրականը համարեց խաչը:
«Գրաֆոլոգիայում խաչը սովորաբար մեղքի զգացման սիմվոլն է համարվում: Այսինքն, ըստ գրաֆոլոգիայի, եթե մարդը խաչեր է նկարում, այն էլ` այսքան մեծ, ուրեմն դա ակնհայտորեն վկայում է ինչ-որ հզոր մեղքի զգացման մասին»,- վերլուծեց մեր զրուցակիցը:
Մասնագետի տեղեկացմամբ, օրինակ հիպնոսում կա ավտոմատ գիր եւ ավտոմատ նկարչություն տեխնիկան, երբ մարդուն հիպնոսի են ենթարկում, նրան տալիս են նկարելու պարագաներ, ու հաճախ նրա նկարածների միջոցով այնպիսի հզոր բացահայտումներ են արվում, որոնք երբեք չէին վերհանվի գիտակցական պարագայում:
Հարցին, թե հաշվի առնելով, որ Ազգային ժողովում գտնվող գործադիրի ղեկավարն այդ նկարներն արել է աշխատանքային իրավիճակում, կարելի՞ է ասել, թե նկարում արտացոլվող չորս նպատակները, խոչընդոտներն ու նաեւ մեղքի զգացումը նրա վարչապետական գործունեությանն են առնչվում եւ ոչ անձնական կյանքին, Խուդոյանը պատասխանեց. «Նկարը վերլուծվում է նախ անձի տեսանկյունից, այսինքն` նրա անձնային բնութագրերն է տալիս, ինչպես նաեւ ընթացիկ իրավիճակի»:
Նա նաեւ ընդգծեց, որ այնպես չէ, թե հոգեբանության մեջ հնարավոր է մեկ նկարի, մեկ փաստի, մեկ զրույցի վրա հիմնվելով` վերջնական եզրակացության հանգել:
«Ինչքան ավելի խորը ուսումնասիրես մարդուն, նրա գործունեությունը, խոսքը եւ այլն, այնքան, բնականաբար, ավելի շատ ինֆորմացիա կստանաս: Բայց այս փոքր նկարի վերլուծությունը վերը նշվածն է ցույց տալիս: Բոլոր դեպքերում, բավականին օրիգինալություն, ստեղծագործականություն կար այդ պատկերի մեջ»,- եզրափակեց հոգեբանը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: