«Կային էմոցիոնալ ելույթներ, իմ կարծիքով՝ ոչ կոռեկտ, անձնական, ոչ հեռանկարային». Կարեն Կարապետյան
«Փորձեմ այսօր հավեսով խոսել, չնայած՝ իմ կարծիքով՝ երեկ էլ եմ հավեսով խոսել, բայց մեկ-մեկ լինում է, որ հավեսով խոսելու առիթներ առանձնապես չկան»,- այսօր ԱԺ-ում իր եզրափակիչ ելույթն այպես սկսեց վարչապետ Կարեն Կարապետյանը։ Նա նշեց, որ «Ելք» խմբակցության իրենց գործընկերների հիմնական քննադատությունն այն էր, որ չեն հասկանում՝ 2018թ. վարչապետն ով է լինելու, այդ իսկ պատճառով իմաստ չեն տեսնում կառավարության ծրագիրը քննարկելու։
«Կար գնահատական, որ՝ լիբերալ ծրագիր է, դա ձերը չպետք է լինի, մերը պետք է լինի. ես ճիշտն ասած՝ այդ գնահականն ընդունել եմ՝ որպես դրական։ Կային առարկայական առաջարկություններ գյուղատնտեսության վերաբերյալ, և ալտերնատիվ էներգետիկայի վերաբերյալ, որն արդեն ընդգրկված է։ Կար նաև էմոցիոնալ ելույթ, որ՝ այս ծրագիրն առաջընթացի չէ, այլ տեղում դոփելու է, բայց դա հիմնավորված չէր։ «Ծառուկյան» խմբակցության քննադատությունը կամ առաջարկությունը հիմնականում 2 դասի էր՝ որ մենք 430 հազար ձայն ունենք, ինչո՞ւ մեր ծրագիրը չեք ընդունում։
Փաստարկն այն է, որ մենք ավելի շատ ձայն ենք հավաքել և մեր կարծիքով՝ մեր ծրագիրն ավելի առարկայական, իրագործելի է։ Եվ երկրորդ՝ քաղաքական ուժը նախկինում ունեցել է որոշակի սխալներ, չկատարված քայլեր, այդ իսկ պատճառով ինչ էլ լինի ծրագիրը, մենք չենք քննարկում, չենք լսում, ինչպես նաև՝ ֆրակցիայի ղեկավարի խոսքի մեջ ֆիքսված էին այն պրոբլեմները, որոնք մենք ունեինք՝ որպես քննադատություն, բայց մենք մեր ծրագրում այդ պրոբլեմները ֆիքսել ենք, ասել ենք, որ լուծում ենք տալու։ Կային առարկայական առաջարկություններ, և կային էմոցիոնալ ելույթներ, իմ կարծիքով՝ ոչ կոռեկտ, անձնական, ոչ հեռանկարային։ Ուղղակի հորդոր՝ նու, ճիշտ չէ դա»,-ասաց վարչապետն ու այդ պահին դահլիճից ծիծաղի ձայներ հնչեցին։
Նա նշեց, որ ներկայացված ծրագիրը պրոֆեսիոնալ է, որը պետությունը փոխելու է դեպի լավը։ Նա շնորհակալություն հայտնեց ՀՀԿ-ին և ՀՅԴ-ին վստահության համար: «Ես ուզում եմ անկեղծ լինել: Մեր Կառավարությունում հավաքվել են բավական ազնիվ, պարկեշտ մարդիկ: Շատ բաց ենք և չափազանց շահագրգռված ենք, որ լինեն կոնստրուկտիվ քննարկումներ: Բոլորիդ լավ տրամադրություն»,- հայտարարեց Կարապետյանը։