Միջադեպ ԱԺ-ում. «Շշով կտամ, վաբշե…»
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր խորհրդարանում հայտարարեց, որ կառավարության ծրագիրը բխում է ՀՀԿ-ՀՅԴ ծրագրային դրույթներից, կոալիցիոն հուշագրից և ՀՀ նախագահի մայիսի 18-ի ԱԺ ելույթի թիրախավորված դրույթներից.
«Մինչև 2018 թվականը և դրանից հետո կառավարության ծրագրի պատասխանատուն քաղաքական մեծամասնությունն է։ Դրա իրավունքը մեզ տվել է հանրությունը, այնպես որ, առնվազն մինչև 2022թ. դուք մեզ հետ գործ ունեք։ Այսօր վարչապետը մեր թիմի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկն է»։
Նա հորդորեց ԱԺ «նորաթուխ պատգամավորներին» հեգնանքով չխոսել կառավարության, նրա ղեկավարի մասին:
Վահրամ Բաղդասարյանը հիշեցրեց լուսահոգի Վահան Հովհաննիսյանի հայտնի ելույթը «դալանների տակ ծեծելու մասին», սակայն դալան բառի փոխարեն «պադեզդ» ասաց.
«Ես խնդրում եմ՝ հեգնանքով խոսողները հիշեն «պադեզդի» պատմությունը, դա շատ վտանգավոր պատմություն է։ Չի կարելի համար 1 ամբիոնից նման հեգնանաքով գնահատականներ տալ»։
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը տեղից արձագանքեց, սակայն նրա ձայնը լսելի չէր:
«Դու նորաթուխ չես է, դու բավականին փորձառու ես»,-ասաց Բաղդասարյանը։
«Եկեք գնանք պադեզդներում խոսանք, ընենց կխոսեմ պադեզդներում՝ աչքներդ կչռվի, տենց բաներ մեր մասին չասեք»,- տեղից հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: Վահրամ Բաղդասարյանը պարզաբանեց, որ իր խոսքը Նիկոլ Փաշինյանի մասին չէր. «Նիկոլ, քու մասին չի, խի ես վրեդ վերունում»:
Նիկոլ Փաշինյանը կրկնեց. «Ասեցի մեր մասին տենց չխոսեք»: Հանրապետական խմբակցության ղեկավարը շարունակեց.
«Դե լավ, քո մասին էր, ուրեմն»:
Նիկոլ Փաշինյանը հակադարձեց. «Շշով կտամ, վաբշե…: Բա պադեզդի մակարդակ ես ուզում, եկեք գնանք խոսենք»:
Վահրամ Բաղդասարյանն ասաց. «Լավ, կարգի հրավիրեք այս երիտասարդին»:
«Ելք» խմբակցության ղեկավարը նույն տոնով հակադարձեց. «Երիտասարդը դու ես»:
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը փորձում էր հանդարտեցնել իրավիճակը: