«Այսպիսի ժողովուրդն այլ վերաբերմունքի է արժանի». Աղվան Վարդանյան

«Առանց հետադարձ կապի ապահովման ցանկացած, նույնիսկ՝ լավագույն ծրագիր դատապարտված է։ Խոսքի և գործի հակասության ամենափոքր դրսևորումը, ինչը բնորոշ է եղել մեր իրականությանը, քաղաքացին արձանագրում է ու պետության, իշխանության հանդեպ վերաբերմունք ճշտում»,- այսօր ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ կառավարությունից պահանջելով հատուկ ուշադրություն դարձնել այդ հանգամանքին։

«Ասում եք՝ կոռուպցիայի, մենաշնորհի դեմ պայքարելու եք՝ պետք է գործնական քայլերով ապացուցեք։ Ասում եք՝ արտոնյալներ, հովանավորյալներ չեն լինելու, ասում եք՝ հավասար մրցակցային պայմաններ եք ապահովելու, օրենքը տարածվելու է բոլորի վրա, հարկային, մաքսային մարմիններն անկողմնակալ են լինելու, իրավապահները ծառայելու են ոչ թե իշխանությանը, այլ քաղաքացուն՝ դարձյալ պետք է գործնականում ապացուցեք»,- նկատեց նա։

Վարդանյանն ընդգծեց՝ շոուները, խարդավանքները, մամուլով ներիշխանական շանտաժները վիճակ չեն փոխելու. «Մարդը պետք է տեսնի իր հանդեպ պաշտոնյաների, պետական մարմինների վերաբերմունքի էական տարբերություն։ Հանրային ծառայողների նոր վարքականոն է պետք պարտադրել՝ նոր մոտեցումներից բխող կադրային քաղաքականությամբ։ Ապրիլյան օրերից հետո ասել եմ՝ այսպիսի ժողովուրդն այլ վերաբերմունքի է արժանի»։

Տեսանյութեր

Լրահոս