«Մավրն արել է իր գործը, Մավրը պետք է հեռանա». Նիկոլ Փաշինյանը՝ Կարեն Կարապետյանի մասին

ԱԺ «Ելք» դաշինքի պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում հայտարարեց, որ Կառավարության ծրագրի քննարկումն իմաստ կստանա, եթե վարչապետ Կարեն Կարապետյանը հստակ հայտարարի՝ ով է ինքը և ինչպիսի դերակատարում է ինքն իրեն վերապահում առաջիկա քաղաքական շրջանում:

«Խաչաձև հարցաքննության ընթացքում վարչապետն ի վերջո ասաց, որ ինքը պատրաստ է լինել ՀՀ վարչապետ 2018թ. ապրիլից հետո։ Սա ինչ-որ պատասխան է, բայց  ընդամենը 10 տոկոսով: Ի՞նչ է լինելու, եթե պարզվի, որ այդ կարգավիճակը ստանձնելուն պատրաստ է նաև Սերժ Սարգսյանը, կամ Սերժ Սարգսյանը պատրաստ է, որ այդ կարգավիճակը ստանձնի, օրինակ՝ Վիգեն Սարգսյանը: Մայիսի 18-ին Սերժ Սարգսյանն այս ամբիոնից խոսում էր ոչ թե՝ որպես հեռացող նախագահ, այլ՝ մոտեցող վարչապետ: Իսկ խորհրդարանական մեծամասնության խոսքից երևում է, որ նրանք վարչապետի պաշտոնում տեսնում են Սերժ Սարգսյանին։ ՀՀԿ խոսնակի խոսքին եթե ուշադրություն դարձրիք, նա ասաց, որ կառավարության ծրագիրը հիմնված է այս ելույթի վրա, այն ելույթի վրա. կառավարությունից մի հոգու անուն չտվեց, նույնիսկ՝ վարչապետի անունը։ Այսինքն՝ այս ծրագրի հետ կառավարությունն ընդհանրապես կապ չունի»,- հայտարարեց Փաշինյանը։

Ըստ նրա՝ այս ծրագրի քննարկումն իմաստ կստանա մի պարագայում, եթե վարչապետ Կարեն Կարապետյանը հստակ հայտարարի՝ ով է ինքը և ինչպիսի դերակատարում է ինքն իրեն վերապահում առաջիկա քաղաքական շրջանում, երբ տեղի է ունենալու իշխանության տրանսֆորմացիան.

«Ինչո՞ւ է ինքը 2016թ. ստանձնել Հայաստանի վարչապետի պաշտոնը. Սերժ Սարգսյանիչ վերարտադրությունն ապահովելու համա՞ր։ Մինչ այսօր վարչապետի արած քայլերը խոսում են հենց այս վարկածի օգտին։ Նա իր անձի ֆակտորով պոզիտիվ ֆոն ստեղծեց ընտրակաշառքների բաժանման և ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի վերարտադրության համար։ Ընտրություններին ակտիվ դերակատարում ունենալով՝ քաղաքական ֆիասկոյի առաջ կանգնեց, որովհետև, եթե հիմա փորձենք հասկանալ, թե խորհրդարանական մեծամասնությունում ովքեր են Կարեն Կարապետյանի թիմակիցները, մեկ ձեռքի մատների կեսը բավարար կլինի նրանց հաշվելու համար»։

Փաշինյանի խոսքով՝ ամեն ինչ շատ նման է նրան, որ այսօր իրենք ոչ թե Կարեն Կարապետյանի կառավարության ծրագրի և գործունեության ծրագրի հաստատմանն են ներկա, այլ Կարեն Կարապետյանի կառավարության հրաժեշտի մեկնարկի գործընթացին.

«Ըստ էության, ՀՀԿ ներկայացուցիչների խոսքի ենթատեքստում շատ հստակ արձանագրվում է հետևյալը՝ Մավրն արել է իր գործը, Մավրը պետք է հեռանա։ Այս իմաստով՝ կարծում եմ, իսկապես շատ կարևոր է, որ Կարեն Կարապետյանը պատասխանի կարևոր հարցերի։ Նա ասաց, որ պատրաստ է լինել վարչապետ, իսկ պատրա՞ստ է Սերժ Սարգսյանի կամ Վիգեն Սարգսյանի կառավարությունում լինել փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար կամ ֆինանսների նախարար»:

Տեսանյութեր

Լրահոս