Ինչո՞ւ կառավարության նոր ծրագրում դրայվ չկա
«Ես առհասարակ որևէ ծրագրային փաստաթղթի վերաբերյալ մի ընդհանուր մոտեցում ունեմ՝ յուրաքանչյուրը կարող է գտնել այնտեղ այն, ինչ ինքն ուզում է և կարող է գտնել այն, ինչ ինքն ուզում է քննադատել: Ինչո՞ւ դրայվ չկա և այլն, դրանք գեղեցիկ ձևակերպումներ են, գնահատականներ են, որ կարելի է գեղեցիկ խոսքի համատեքստում կառուցել և ասել՝ այս չկա, այն չկա: Իրականում, քանի որ կառավարության նախորդ ծրագրի անմիջական պատասխանատուներից մեկն եմ եղել, ուրախ եմ արձանագրելու, որ այդ ծրագիրն ամբողջությամբ կատարված է»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը` պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ կառավարության նոր ծրագրում դրայվ չկա:
Նա չհամաձայնեց ընդդիմադիր պատգամավորների դիտարկմանը, որ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության ծրագիրը ներկայացնելիս «անհավես» էր. «Իմ տպավորությամբ` անհավես չէր, ուղղակի ծրագիրն էր ներկայացնում»:
Ա.Հովհաննիսյանը նշեց, որ նոր ծրագրի հիմքն ու բազան նախորդ ծրագրի կատարումն է, օրինակ, 8.4 % սեփական եկամուտների աճը նշանակում է 57 մլրդ դրամով ավելի գումար կա, քան կանխատեսվել էր. «Մենք չունեինք այդ գումարը տարվա սկզբին, չգիտեինք, որ այդքան գումար ավելի ենք ունենալու, կանխատեսել էինք այլ թիվ, այլ եկամուտներ: Մենք այսօր ունենք 57 մլրդ դրամի սեփական եկամուտների աճ, վարչապետն իր խոսքում նշեց, որ մենք այդ մասին գիտեինք նաև խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում, բայց ձեզանից որևէ մեկը ՀՀԿ որևէ ներկայացուցչից քարոզարշավի ընթացքում նման բան չի լսել, ընտրություններից հետո հայտարարվեց»: