Արփինե Հովհաննիսյանի պատասխանը՝ Դավիթ Հարությունյանին

«Այդպիսի ձևակերպումը գործող նախարարի կողմից սեփական աշխատանքների ուրվագծման մարտավարություն է: Այդպիսի ձևակերպումը` «քայլեր կատարվել են, բայց բավարար չեն», հավասարապես կարելի է կիրառել ինչպես իմ նկատմամբ` որպես նախկին նախարարի, այնպես էլ երբևէ արդարադատության նախարար աշխատած որևէ նախարարի նկատմամաբ, և կարծում եմ, դա կիրառելի կլինի նաև գործող նախարարի նկատմամբ որոշ ժամանակ անց»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը` անդրադառնալով օրերս արդարադատության գործող նախարար Դավիթ Հարությունյանի դիտարկմանը, որ համակարգում «քայլեր կատարվել են, բայց բավարար չեն»:

Ըստ նրա` քանի դեռ մենք չենք հասել այն վերջնարդյունքին, որին բոլորը ձգտում են, կարելի է այդ արտահայտությունը կիրառել, որովհետև բավարար լինելու չափանիշը գնահատվում է երկու գործոնով` ժամանակի և տարածության մեջ բավարար, ու վերջնարդյունքին հասնելու և վերջնական հաջողություն արձանագրելու տեսնակյունից:

Նա վստահեցրեց, որ ժամանակի և տարածության մեջ բոլոր նախարարներն էլ քայլեր կատարել են, բայց չի կարելի ասել, որ որևէ ոլորտում հասել են վերջնական հաջողության և վիճակը բավարար է:

Տեսանյութեր

Լրահոս