«Ես Սերժ Սարգսյանին «համոզողների» մեջ չկամ». Կարեն Կարապետյան

«ԱԺ «Ելք» խմբակցությունն  ու վարչապետը ցանկություն են ունեցել հանդիպելու, սակայն, ով պետք է դա կազմակերպեր, չի կարողացել, նկատի ունեմ պարոն Բաբլոյանին։ Պարոն Բաբլոյան, դուք հիշատակեցիք ձեր օգնականին, գուցե նման լուրջ հարցերը նրան հանձնարարեք, կարող է՝ նա ավելի լուրջ հմտություններ ունենա՝ նման բարդ հարցեր կարգավորելու համար»,-այսօր ԱԺ-ում դիմելով խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանին՝ այս մասին ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը նշեց, որ իրենց առաջարկվել է վարչապետի հետ հանդիպում ունենալ «Ծառուկյան» խմբակցության հետ, սակայն իրենք հրաժարվել են, որովհետև. «Հիմա եթե նայեք հերթագրվածների ցուցակին, կտեսնեք, որ «Ծառուկյան» դաշինքի և «Ելք» խմբակցության համատեղ հանդիպումն է վարչապետի հետ։ Մյուսներն ինչի՞ համար են եկել, նույնիսկ դժվար է պատկերացնել, բացառությամբ Սեյրան Սարոյանի, իսկ բացառությունն ինչպես ասում են, միշտ հաստատում է օրինաչափությունը»։

Ապա դիմելով Կառավարության ծրագիրը ներկայացնող վարչապետ Կարեն Կարապետյանին, Փաշինյանը մեջբերում արեց Սերժ Սարգսյանի 2014թ. ապրիլի 10-ի հայտարարությունից. ««Եվ ձեր առաջ պաշտոնապես հայտարարում եմ, որ ես՝ Սերժ Սարգսյանս, այլևս երբեք չեմ առաջադրվելու ՀՀ նախագահի պաշտոնի համար։ Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ՝ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին»,- ասել է նա։

Այնպիսի տպավորություն է, որ խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները արդեն սկսում են Սերժ Սարգսյանին «համոզել», որ նա այնուամենայնիվ փոխի մտադրությունն ու առաջադրվի վարչապետի պաշտոնում։ Ես ուզում եմ հասկանալ՝ դուք այդ «համոզողների» թվո՞ւմ եք, թե՞ ոչ։ Եվ ընդհանրապես, կհամաձայնե՞ք արդյոք 2018թ. կառավարությունում լինել, ասենք՝ փոխվարչապետ, կամ տարածքային կառավարման նախարար, կամ որևէ այլ նախարար։ Դուք ասացիք, որ բազմիցս պատասխանել եք այդ հարցին, երևի մենք ինչ-որ բան բաց ենք թողել, խնդրում եմ՝ նորից պատասխանեք, ես գրի կառնեմ ձեր պատասխանը, որպեսզի այս հարցում ի վերջո հստակություն ուենենանք»։

Ի պատասխան՝ վարչապետն ասաց, որ եթե «Ելք» դաշինքի իրենց գործընկերները հանդիպման անհրաժեշտություն ունեն, իրենք պատրաստ են հանդիպել. «Երկրորդ՝ հասկանո՞ւմ եք, այս հարցը մի քիչ էլ կոռեկտության դաշտի մեջ է, և դրա համար ուզում եմ՝ ճիշտ հասկացված լինի. Ես չեմ կարող պնդել, որովհետև հենց դա պնդում ես, միանգամից դառնում ես քննադատվող թիրախ։ Ես պատրաստ եմ լինել վարչապետ։ Այս պատասխանը բավարա՞ր է։ Երրորդ՝ ինչպես դուք եք ձևակերպում՝ «համոզողների» մեջ ես կա՞մ. ես չգիտեմ՝ «համոզողներ» կան, թե ոչ, ես «համոզողների» մեջ չկամ։ Շնորհակալություն»։

Փաշինյանն ասաց, որ վարչապետի պատասխանն ընդունեց ի գիտություն, մնացածը ելույթում կմանրամասնի։

Տեսանյութեր

Լրահոս