Բաժիններ՝

«Դա արդեն լրջագույն խնդիր է դառնում մեր երկրի համար». Տաթևիկ Բեժանյան

«Վերադարձ և պաշտպանություն» սոցիալ-իրավական հ/կ նախագահ Տաթևիկ Բեժանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ վերջին 3-4 տարվա ընթացքում պետության պատվերով իրականացվում են միգրացիոն հետազոտություններ, ինչը, ըստ նրա՝  նշանակում է, որ պետությունն առնվազն անհանգստացած է։ Սակայն այդ հետազոտությունների տվյալներն այնքան էլ հուսադրող չեն.

«Ծնելիության նվազման և մահացության տոկոսի բարձրացմանը զուգահեռ՝ մեծանում է միգրացիոն գործընթացներում ներգրավվածության թիվը։ Ընդհանրապես, ՀՀ-ից աշխատանքային երկարատև և մշտական մեկնում են 18-54 տարեկանները, որոնք վերարտադրողական տարիքի մարդիկ են։ Նրանց 77%-ը տղամարդիկ են։ Եթե սեռով պայմանավորված հղիության ընդհատումները հաշվի առնենք, որ աղջիկների ծնունդը պակասում է, իսկ միգրացիոն գործընթացներում ընդգրկվածների մեծ մասը տղամարդիկ են, այսինքն՝ մենք ունենում ենք սեռատարիքային հարաբերակցության կտրուկ խախտում»։

Նրա խոսքով՝ միգրացիոն գործընթացներում ներգրավվածների մեջ երկարաժամկետ աշխատանքային միգրանտներն ու մշտական մեկնողները Հայաստանից մինչև 2015 թվականը կազմում էին տարեկան 35 հազար մարդ.

«Այդ 35 հազարի մեջ 50%-ը երկարաժամկետ աշխատանքային միգրանտներն էին, ովքեր մեկ տարի և ավելի ժամկետով էին մեկնում Հայաստանից, 50 %-ը կազմում էին մշտական մեկնողները։ 2016թ. տվյալներով, որոնք այդքան էլ հուսադրող չեն, այդ թիվը մեծացել է, դարձել 37 հազար, և հարաբերակցությունն էլ է փոխվել՝ 47%-ը կազմում են երկարաժամկետ աշխատանքային միգրանտները, իսկ 53%-ը՝ անվերադարձ մեկնողները։

Կարդացեք նաև

Սրան եթե ավելացնենք նաև, որ լրջագույն տենդենց է նկատվում բարձագույն կրթություն ունեցողների՝ միգրացիոն գործընթացներում ներգրավվածության աճի, ապա կանխատեսումներն այդքան էլ հուսադրող չեն, որովհետև հետազոտությունների արդյունքը ցույց է տալիս, որ, ցավոք, հնարավոր է, որ կրկնվի 1990-ականների սկզբին տեղի ունեցած «ուղեղների արտահոսքը»։ Իսկ դա արդեն լրջագույն խնդիր է դառնում մեր երկրի համար»։

Տաթևիկ Բեժանյանի խոսքով՝մենք և՛ բնական աճի առումով, և՛ միգրացիոն տենդենցների առումով ունենք սեռատարիքային համամասնության խախտում, սեռերի հարաբերակցության խաթարում, ծերացման երևույթի արագացում, սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների խորացում ընտանեկան հարաբերությունների համակարգում, նոր սերնդի խնամքի, դաստիարակության և սոցիալականացման, տարեցների կենսապահովման և խնամքի հարցերում։

«Սրանք բոլորը լրջագույն խնդիրներ են, որոնց պետք է հավուր պատշաճի անդրադառնալ»,- նկատեց նա։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս