«Ամենաօպտիմիստական սցենարով՝ 2050 թվականին Հայաստանի բնակչությունը 3 մլն 200 հազարի շրջանակներում կլինի». Գարիկ Հայրապետյան
ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում արձանագրեց, որ Հայաստանի ժողովրդագրական վիճակն անկախությունից հետո սկսեց վատանալ և անկման առումով իր պիկին հասավ 2000 թվականին։
«Իրավիճակը մի փոքր լավացավ 2000 թվականից հետո՝ մինչև 2010 թվականը, երբ ունեցանք որոշակի տնտեսական աճ, սոցիալ-տնտեսական պայմանների որոշակի բարելավում, և հետո մեր ժողովրդագրական ցուցանիշները նորից սկսեցին անկում ապրել։ 1985-90 թվականներին մինչև 80 հազար ծնելիություն ենք ունեցել, ցածր ծերացման ցուցանիշ ունեինք, միգրացիան ևս շատ ցածր էր։ Անկախությունից ի վեր ժողովրդագրական անկման առաջին ալիքը տեղի ունեցավ 1990-ականների սկզբին, երբ մենք 400 հազարից ավելի քաղաքացիների կորցրինք. մարդիկ անվերադարձ գնացին Հայաստանից։ Ծնելիությունն էլ անկում ապրեց՝ 2000թ.-ին կազմելով 35.000»,- պարզաբանեց նա։
Հայրապետյանի խոսքով՝ ՀՀ-ում այժմ ծնելիության գործակիցը 1.6-1.7 է. «Դա նշանակում է, որ բնական վերարտադրություն տեղի չի ունենում: Հիմա ունենք 60+ տարիքի 13% բնակչություն: Մահացության ցուցանիշը գնալով կբարձրանա, քանի որ ունենալու ենք ավելի շատ մեծահասակ մարդիկ։ Տարեկան մոտ 10-14 հազար բնակչության նվազում ենք ունենում»:
Նա նշեց, որ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը 4 սցենարով կանխատեսում է արել. «Ամենաօպտիմիստական սցենարով, եթե որոշակի քաղաքականություն փոխվի, լինեն որոշակի քայլեր՝ ժողովրդագրական իրավիճակը բարելավելու առումով, հնարավոր է, որ Հայաստանի բնակչությունը 3 մլն 200 հազարի շրջանակներում կլինի, իսկ ամենապեսիմիստական սցենարով՝ 2 մլն-ից պակաս կլինի ՀՀ բնակչությունը։ Ծնունդների թիվը կարող է շատ կտրուկ նվազել 2024-2030 թթ., որովհետև վերարտադրողական տարիք կմտնեն 2000-ականներին ծնված երեխաները, որոնց թիվը 35.000 է»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում