Արևմտյան Եվրոպայի և Վաշինգտոնի հարաբերությունները լարված են. փորձագետներ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն առաջին առաջնորդն էր, ով այցելեց նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին, սակայն դա բացասաբար անդրադարձավ նրա վրա Բրիտանիայում:

Վերջին ընտրություններից առաջ Բրիտանիայում տեղի ունեցան մի շարք ահաբեկչական գործողություններ: Նախագահ Թրամփն առաջարկեց իր օգնությունը, սակայն հետագայում քննադատեց Լոնդոնի քաղաքապետին, որը ևս բացասաբար ազդեց պահպանողականների վարկանիշի վրա:

«Դա ավելի մղեց մարդկանց դեպի Եվրոպա: Տպավորություն է, որ ազգային բանավեճը վերադառնում է եվրոպական խնդիրներին՝ հեռանալով Ամերիկայից»,- ըստ «Ամերիկայի ձայնի»՝ նշում է քաղաքական վերլուծաբան Յան Դանթը:

Նախագահ Թրամփը ֆրանսիական ընտրություններին աջակցել էր Մարին Լը Պենին այստեղ տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, երբ սպանվել էր մեկ ոստիկան: Լը Պենը պարտություն կրեց կենտրոնամետ Մաքրոնից:

«Դա ազդեց նրա վարկանիշի վրա, քանի որ ամերիկյան փորձը ի դեմս Դոնալդ Թրամփի միշտ չէ, որ դրական է ընկալվում»,- ասում է փորձագետ Քեթրին դե Վրայսը Էսսեքսի համալսարանից:

Թրամփի որոշումը Փարիզյան համաձայնագրից ԱՄՆ-ին դուրս բերելու մասին ևս բացասաբար ընկալվեց Եվրոպայում:

«Կարծում եմ շատ ընտրողներ այժմ գիտակցեցին և հարցականի տակ դրեցին, թե արդյոք գործող քաղաքական ուժերի փոխարեն ծայրահեղ աջակողմյան թեկնածուների օգտին քվեարկելն օգտակար կլինի: Չեմ կարծում սակայն, որ սա աջակողմյան պոպուլիզմի վերջն է»,- նշում է դե Վրայսը:

Այսօր Եվրոպայում նկատելի է պոպուլիզմի մրցակցությունը կենտրոնամետության հետ: Եվրոպական մայրցամաքի որոշ հատվածներում սակայն Թրամփի մոտեցումները շարունակում են գերիշխել, օրինակ Լեհաստանում, որը կհյուրընկալի նախագահ Թրամփին հաջորդ ամիս:

Այս պահին նախատեսված չէ ամերիկյան առաջնորդի որևէ այցելություն Փարիզ կամ Բեռլին, իսկ պետական այցը Լոնդոն դեռևս հաստատված չէ: Փորձագետների կարծիքով դա խոսում է Արևմտյան Եվրոպայի և Վաշինգտոնի միջև առկա լարվածության մասին:

Տեսանյութեր

Լրահոս