«Եթե չկա պաշտոնական հայտարարություն, ուրեմն՝ դա չի համապատասխանում իրականությանը». Դավիթ Բաբայանը՝ վիրավորների վերաբերյալ լուրերի մասին
«Ադրբեջանի ագրեսիայի պատճառը մեկն է. մենք գործ ունենք ահաբեկչական և նացիստական պետության հետ։ Մնացածը առիթներ են»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով շփման գծում տիրող լարված իրավիճակին, որի արդյունքում հայկական կողմն ունեցել է 4 զոհ, այս մասին ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։
Նրա խոսքով՝ կա մի անտրամաբանական օրինաչափություն՝ ադրբեջանական կողմը հաճախակի դիմում է նման քայլերի, երբ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կամ այցելում են տարածաշրջան, կամ պետք է այցելեն, կամ էլ այցելությունից անմիջապես հետո.
«Համանախագահներն այցելեցին Երևան, Ստեփանակերտ և մոտ օրերս կլինեն Բաքվում, և կարևոր է, որ Բաքվում նրանք շարունակեն իրենց կոշտ և հասցեական դիրքորոշումը, համապատասխան արտահայտություններ անեն։
Սա հասարակ այցելություն չի լինելու։ Նախ՝ միակ և վերջին կոշտ հայտարարությունից հետո առաջին անգամ են լինում Բաքվում և երկրորդ եղել են այս դեպքերը ու պետք է դրա մասին խոսել։ Եվ որպեսզի այդ կոշտ և հասցեական հայտարարությունները չդիտարկվեն՝ որպես անհեթեթություն և անօրինաչափություն, ինչպես Ադրբեջանն է փորձում ներկայացնել, դրանք պետք է ունենան շարունակակն բնույթ։ Եվ մենք ակնկալում ենք, որ համանախագահները հենց այդպես էլ կանեն Բաքվում»։
Նա նշեց, որ Ադրբեջանն ամեն օր էլ կրակում է, և դրա վերջը չի երևում. «Մտածել, որ ահաբեկիչը և նացիստը կապաշխարի, սխալ է. նրանք ապաշխարում են միայն մեկ դեպքում, երբ ջախջախիչ պարտություն են կրում»։
Մեր հարցին՝ խոսվում է հայկական կողմի վիրավորների մասին, հայկական կողմը վիրավորներ ունի՞ այս պահին, նա այսպես պատասխանեց.
«Երբ խոսում են զոհերի, վիրավորների մասին, մենք հասկանում ենք, որ կա երկու մոտեցում. մեկը՝ իրոք մարդիկ մտահոգված են, ուզում են, որ ընդհանրապես վիրավորներ չլինեն, կամ եթե կան, ուզում են իմանալ նրանց վիճակի մասին։
Երկրորդ խումբը, որը քիչ թիվ է կազմում, պարզապես շահարկումների, սենսացիաների հետևից ընկնելու համար է ուզում իմանալ։ Սա անթույլատրելի է, որովհետևս սրանից հակառակորդն է օգտվում։ Այս ամենի ներքո ամենակարևոր ուղենիշը պետական համապատասխան կառույցի հայտարարությունն է։
Տվյալ դեպքում ՝ՊԲ-ի կամ ՀՀ ՊՆ-ի հայտարարությունը, նայած թե ինչ հատվածում է տեղի ունենում։ Հետևաբար, մնացած բոլոր տեղեկությունները՝ որպես հիմք ընդունելը ճիշտ չէ, վտանգավոր է։ Դուք գիտեք, որ մենք երբևէ չենք թաքցրել որևէ զոհ, որևէ վիրավոր։ Եթե չկա տեղեկություն, ուրեմն՝ դա չի համապատասխանում իրականությանը»։