«Ներմուծողները տեղական արտադրողների նկատմամբ ունեն առավելություններ». Արմեն Գրիգորյան
«Շուկա մուտք գործող արտադրող ընկերությունների համար հիմնական խոչընդոտը շուկայի փոքր ծավալներն ու սպառողների շատ ցածր գնողունակությունն է, որը սահմանափակում է ցանկացած ներդրման գրավչություն«,- այսօրվա քննարկման ժամանակ այս մասին ասաց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Արմեն Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ սկսած 2009 թվականից, ապրանքային շուկաներում նկատվում է սպառողների վերակենտրոնացում՝ միջին որակ ու միջին գին ունեցող ապրանքներից՝ ավելի ցածր որակ և ցածր գին ունեցող ապրանքներ. «Այդ ապրանքներից շատերը Հայաստանում արտադրելու տեխնոլոգիական հնարավորություններ չկան, դրանք հիմնականում ներկրվող ապրանքներ են, և որպես կանոն՝ ներմուծողները տեղական արտադրողների նկատմամբ ունենում են առավելություններ»։
Մյուս կարևոր խնդիրը, ըստ նրա՝ տեղական արտադրողների ցածր մրցունակությունն է. «Դա է պատճառը, որ շատ հաճախ անբարեխիղճ մրցակցության կամ ապրանքների ցիկլերի խախտման բազմաթիվ դեպքեր են հայտնաբերվում. ցածր մրցունակությունը բերում է նրան, որ ֆիրմաները ստիպված գնում և շատ ավելի վատ որակի հումք են կիրառում, որպեսզի կարողանան արժեքը մի փոքր իջեցնել և ներմուծող ընկերությունների հետ մրցակցել»։
Ներմուծող ընկերությունների առավելությունը, Գրիգորյանի խոսքով՝ պայմանավորված է ոչ միայն ներմուծման՝ որպես բիզնեսի հեշտ տեսակ լինելով, այլ նաև համաշխարհային շուկայում վերջին 5 տարվա ընթացքում պարենային ապրանքների գների էական էժանացմամբ.
«Սովորաբար ներկրող ընկերությունները արտասահմանյան ուժեղ բրենդեր են ներկայացնում, որոնց հավելյալ ճանաչման խնդիր ապահովելու անհրաժեշտություն չկա։ Իրենք հնարավորություն են ունենում էականորեն կրճատել մարքետինգի բյուջեները, որոնք սովորաբար ֆինանսավորվում են հենց այն գլխավոր ընկերություններից, որի գործընկերն են դառնում։ Իսկ շուկա նոր մուտք գործող ընկերությունն այդ ամբողջ ծախսերը վերցնում է իր վրա։ Մարքետինգի ծախսերն ընդհանուր ծախսերի մինչև 70%-ն են կազմում։ Այսինքն՝ նա ոչ այնքան տեխնոլոգիա ներկրելու և արտադրություն հիմնելու ծախս պետք է իրականացնի, որքան մարքետինգի»։