Մեր երիտասարդների համար արժեքներն ուրիշ են. կարիերա, փող, սեր, քեֆեր. հոգեբան
Հոգեբան Սամվել Խուդոյանը վստահեցնում է՝ Հայաստանն ամբողջ աշխարհում ինքնասպանություն գործողների ամենաքիչ թիվն ունեցող երկրներից մեկն է: Հայաստանում հետազոտություններով հաստատված ինքնասպանությունների աճ չկա:
«Նույնիսկ ապացուցված չէ, որ ներկայիս և սրանից 20-30 տարի առաջ ինքնասպանությունների թվերը տարբեր են»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հոգեբանական գիտությունների դոկտոր, Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի հոգեբանության ամբիոնի վարիչ Սամվել Խուդոյանը:
Միաժամանակ նա նշեց, որ, այնուամենայնիվ, ամբողջ աշխարհում վերջին 2-3 տարվա ընթացքում, հատկապես դեռահասների շրջանում, ինքնասպանությունների աճի միտում է նկատվում: Սամվել Խուդոյանի խոսքով՝ սա պայմանավորում են դեռահասական մի քանի շարժումներով և մահվան խմբերով: Մահվան խմբերն այն շարժումներն են, որոնք պրոպագանդում են մահը, դեռահասներին՝ 13-18 տարեկան, դրդում են գնալ ինքնասպանության:
Վերջին մի քանի տարվա ընթացքում համացանցը ցնցել են Ռուսաստանում ի հայտ եռած մահվան խմբերը՝ «Խաղաղ տուն», «Կապույտ կետ», «F 57», «Արթնացիր 4:20-ին»: Սրանք յուրահատուկ խմբեր են, որոնք ծրագրավորված կերպով դեռահասներին կարող են հասցնել ինքնասպանության:
Սամվել Խուդոյանի կարծիքով՝ «Կապույտ կետն» առաջացել է նրանից, որ մի քանի տարի առաջ կետերն իրենց նետել են օվկիանոսից դուրս, ու տեսակետ կա, որ այդքան շատ կետեր, որ իրենց ափ են նետել, մյուսները հետևել են նրանց, հետևաբար՝ հենց այստեղ էլ «Կապույտ կետն» իր հետևից տանում է մյուսներին:
«Կապույտ կետում» 50 առաջադրանք կա, որից վերջինն ինքնասպանությունն է, մինչ այդ բոլոր քայլերը նախապատրաստում են ինքնասպանության, հուզականորեն տրամադրում են, որ դեռահասն ընդգրկվի այդ խմբում, սկսի սովորել վարքի ձևերը, ինքնավնասում անի, իսկ խաղից խուսափելու դեպքում սպառնում են, որ ընտանիքը կոչնչացնեն:
Բանախոսի խոսքով՝ այս խմբերում ընդգրկվում են այն երեխաները, որոնք որոշակի խնդիրներ ունեն. կոնֆլիկտներ ծնողների հետ, օտարվածություն, շրջապատի կողմից չհասկացվածություն, անարդարություններ դպրոցում, կորցրած սեր: Խմբերում ընդգրկվում են նաև այն դեռահասները, որոնք ռոմանտիկ են, ձգտում են ինչ-որ խորհրդավոր բաների, ու հենց խորհրդավորությունն էլ իրենց ներքաշում է դեպի խմբեր:
Բայց կան նաև սրանք պաշտպանող խմբեր, օրինակ՝ կա նաև «Դելֆիների խումբ», որն արագ հակազդում է: Երբ տեսնում է՝ ինչ-որ մեկը հայտնվել է այդ ցանցում, նրան իսկույն համոզում է, որ դուրս գա:
Իսկ այս խմբերի նպատակն ամբողջությամբ հայտնի չէ. «ոմանք ասում են, որ սա ինչ-որ մանիակների դեստրուկտիվ վարք է, որ նրանք ոչ թե գնում, ինչ-որ մարդ են սպանում, այլ ուղղակի այս ձևով հասցնում են ինքնասպանության: Մյուսները գտնում են, որ դա հոգեբանական ինչ-որ էքսպերիմենտ է, երրորդները կարծում են, որ դա մտնում է, այսպես կոչված, մոլորակի գերծանրաբեռնվածությունը քչացնելու ընդհանուր ծրագրի մեջ»:
Բանախոսի հաղորդմամբ՝ դեռահասների ինքնասպանությունների թիվը մասսայական է դարձել Բաթումում, Ղազախստանում, Ղրղըզստանում, Հնդկաստանում, բայց Հայաստանում չկան այդպիսի արձագանքներ:
Սամվել Խուդոյանի կարծիքով՝ սա հայ երիտասարդներին ավելի քիչ է սպառնում, քան եվրոպական երկրների երեխաներին, քանի որ մեր դեռահասները մի շարք առանձնահատկություններ ունեն.
«Նրանք պրագմատիկ են, ռեալ կյանքից կառչած են, ավանդապահ են, խիստ ռացիոնալ մտածողություն ունեն: Մեր երիտասարդների համար արժեքներն ուրիշ են. կարիերա, փող, սեր, քեֆեր: Մի խոսքով՝ շատ հասուն դեռահասներ են: Տարբեր թվերին կատարած մեր հետազոտություններով կարող ենք ասել, որ Հայաստանում նույնիսկ դեռահասության ճգնաժամ չի դրսևորվել»:
Անի Թորոսյան