«Ազգային ժողովը դա Մնջախաղի թատրոն չէ, որ մարդիկ կան գալիս են ընդամենը ներկա ստանալու համար»

«Ես խմբակցության խոսնակը չեմ, խմբակցության քարտուղարը չեմ, անդամ եմ և ես կարող եմ իմ կարծիքն աասել, բայց դա չպիտի ընկալվի որպես խմբակցության դիրքորոշում: Իմ կարծիքն այն է, որ ցանկացած պատգամավոր իրավունք ունի բացակայել ԱԺ նիստերից և բացակաների հարգելիությունը ոչ ոք չի որոշում, ո՛չ ես եմ որոշում, ո՛չ լրագրողները, ո՛չ էլ առանձին պատգամավորներ:

Կա ԱԺ կանոնակարգ օրենքով սահմանված որոշակի լիմիտ, որը լրանում է և ԱԺ խորհուրդը իրավաբանկաան գնահատական կտա դրանց հարգելի լինելու»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Գևորգ Պետրոսյանը` մեկնաբանելով խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի և Իշխան Զաքարյանի մշտական բացակայությունները ԱԺ-ում:

Ըստ նրա` ցանկացած պատգամավոր կարող է ունենալ անձնական խնդիրներ. «Եվ հետո ո՞վ է ասել, որ եթե տվյալ պատգամավորն այդ պահին բացակայում է նիստից, ուրեմն նա ընդհանրապես էդ պահին զբաղված չի պատգամավորական կարգավիճակից բխող այլ գործունեությամբ:

Մեկը էդ պահին կարող է լինել ԱԺ սահմաներից դուրս, բայց կատարել ոչ պակաս կարևոր առաքելություն, ընդհանուր հասարակական խնդիրների, քան էն մարդը ով նստած է Աժ-ում»:

168.am-ի հարցին, որ Ազգային ժողովն օրենսդիր մարմին է, իսկ անցած 5 տարիները Գագիկ Ծառուկյանը զբաղված է եղել բարեգործությամբ, ինչո՞ւ է նորից ԱԺ եկել, Գ.Պետրոսյանը կրկնեց, թե եթե պատգամավորը տվյալ պահին չի գտնվում ԱԺ նիստում, ապա նրա առաքելությունը դրսում պատգամավորական կարգավիճակից բխող պետք է ստորադասվի անպայման նիստին ներկա գտնվող, բայց պարապ, ինքնահիացած պատգամավորների ելույթներից կամ պահվածքից.

«Եվ Ազգային ժողովը դա Մնջախաղի թատրոն չէ, որ մարդիկ կան գալիս են ընդամենը ներկա ստանալու համար»:

Տեսանյութեր

Լրահոս