Բաժիններ՝

«Հայաստանում միշտ էլ լավ գաղափարներ ներդրվել են, բայց իրացման փուլում դրանք ապականվել են». Էդմոն Մարուքյան

ԱԺ «Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր ԱԺ-ում հայտարարեց, որ ժամանակին համայնքների խոշորացման գաղափարի ներդրմանն աջակցել է, բայց այսօր, ըստ նրա՝ չկան դրական արդյունքներ.

«Ընդհակառակը՝ քարոզարշավի ժամանակ այն խոշորացված համայնքներում, որտեղ եղել ենք, բոլորը դժգոհել են։ Հիմա էլ կառավարությունը որևէ ռեալ հաջողության պատմություն չի ներկայացրել մեզ, որ լավ գաղափարը կարողացել են լավ իրականացնել։ Հայաստանում միշտ էլ լավ գաղափարներ ներդրվել են, բայց իրացման փուլում դրանք ապականվել են»։

Մարուքյանի խոսքով՝ համայնքների խոշորացման իմաստն այս ձևով այն է, որ համայնքներում մեծ թվով գյուղապետեր և ավագանի չի լինի. «Հասկացանք, ես էլ չեմ ուզում, որ մեծ թվով գյուղապետ ու ավագանի ընտրվի, բայց դրանով դուք կոնկրետ արդյունքը ցույց տալի՞ս  եք՝ ինչ է փոխվել մարդկանց կյանքում։ Այս պահին կառավարությունը մեզ որևէ բան չի կարողանում ցույց տալ»։

Համայնքների խոշորացման ծրագրի հիմնական զեկուցող, տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանը նշեց, որ բոլոր խոշորացման համայնքների համար հաջող պատմություններ կան. «Ես չգիտեմ՝ քարոզարշավում ինչը չեք նկատել, բայց կխնդրեմ, որ մյուս անգամ այդ համայնքներում լինելիս փորձեք մի քիչ ավելի…»։

«Աթան գյուղում ոչինչ չէր փոխվել»,- նրան ընդհատեց Մարուքյանը։
Ի պատասխան՝ Տերտերյանը նկատեց. «Ի՞նչ պետք է լիներ Աթան գյուղում, այնտեղ 3 ծրագիր է իրականացվել, այն ունի ավագանի, այնտեղ սկսել են հարկահավաքությամբ զբաղվել։ Հաջող պատմություններ մեր կայքում դրված են»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս