«Մի խուսափեք այդ մարդկանց հետ հանդիպելուց». Նաիրա Զոհրաբյանը՝ Վաչե Տերտերյանին
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու քննարկման ժամանակ հայտարարեց, որ այսօր առավոտյան Գագիկ Ծառուկյանին և «Ծառուկյան» դաշինքին են դիմել Գեղարքունիքի մարզի մի խումբ բնակիչներ։
«Հատուկ նշում եմ՝ գյուղապետեր չեն, որոնք ունեն անձնական շահագրգռվածություն՝ իրենց ավտոմեքենան կամ «պեչատը» պահելու համար։ Դիմել են քաղաքացիներ։ Ես հասկանում եմ, որ միևնույն է՝ այս փոփոխությունը դուք անելու եք, որովհետև սա քաղաքական որոշում է։ Երբ փորձում ես տրամաբանություն գտնել, թե ինչու են այս գյուղը հանում, մյուսը թողնում, ես չեմ ուզում մտածել, որ դուք խաչբառ եք լուծում, այլ ուզում եմ մտածել, որ նոյեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններին ընդառաջ դուք արդեն ունեք մոտավոր թեկնածուները և նրանց վրայով ձևում եք տվյալ փունջը»։
Դիմելով համայնքների խոշորացման ծրագրի հիմնական զեկուցող, տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանին՝ նա ասաց.
«Դուք շատ լավ գիտեք, որ Ներքին Շորժա և Վերին Շորժա գյուղերում ընդհանրապես մարդ չի ապրում, իսկ Շատվան, Սոդք գյուղերն էլ փախստականների գյուղեր են. բնակիչներն առաջարկում են՝ հանդիպեք իրենց հետ, իրենք ունեն այլ առավել արդյունավետ փնջավորման մոտեցում։ Մի խուսափեք այդ մարդկանց հետ հանդիպելուց»։