Բաժիններ՝

«Հակակոռուպցիոն հանձնաժողովը կարող է խնդիրներ առաջացնել Ձեզ համար». Գևորգ Գորգիսյանը՝ Արա Բաբլոյանին

Այսօր ԱԺ-ում քննարկվում է Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը։

«Ելք» դաշինքի պատգամավոր Գևորգ Գորգիսյանն ասաց, որ իրենց դաշինքը շարունակում է դեմ մնալ նախագծին, և դիմելով Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին՝ նկատեց, որ կարող էին երկրորդ ընթերցման համար գոնե հիմնավորումներ բերել, թե ինչո՞ւ են մասնավորեցվում ներկայացված հաստատությունները։

«Միայն ներդրումների պահանջը բավարար հիմք չէ։ Եթե կա շահերի բախում, որի մասին տեղյակ չենք, միանգամից բարձրաձայնեք այդ մասին»,- ասաց նա։
Ապա դիմելով ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին՝ նա ասաց.

«Թեև օրեր առաջ դուք ազնվությամբ խոսում էիք «Արաբկիր» բժշկական կենտրոնը ոտքի կանգնեցնելու մասին, և, քանի որ այդ կենտրոնը ներգրավված է սեփականաշնորհման ծրագրում, կոչ եմ անում նույն ազնվությամբ հայտարարել շահերի բախման մասին՝ հետագայում խնդիրներից խուսափելու համար, որովհետև մենք արդեն իսկ ընդունեցինք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ստեղծելու մասին օրենքը, որը կարող է հետագայում խնդիրներ առաջացնել ձեզ համար»։

Ի պատասխան՝ Արա Բաբլոյանն ասաց՝ հպարտանում է, որ կարողացել է ինչ-որ բան իրականացնել.

«Բայց շահերի բախումը չի հիմնվում էմոցիաների վրա, այլ հիմնվում է իրավական հիմքերի վրա։ Ես հետաքրքրվեցի իրավաբաններից, և ինձ ասացին, որ այս պահին իմ կարգավիճակը և ոչ մասնակցությունն ուղղակի կառավարման մեջ չեն առաջացնում շահերի բախում։ Եթե նույնիսկ ուզում եք, որ ես հայտարարեմ, թե չեմ մասնակցելու քվեարկությանը, դուք կարող եք համարել, որ 56 կողմ է եղել։ Միաժամանակ պնդում եմ, որ իրավաբանորեն շահերի բախում այստեղ չկա։ Ավելի լավ է, որ ես ազնվությամբ ելույթ ունեցա և ներկայացրեցի, քան այդ մասին չբարձրաձայնեի, ինչն ավելի տգեղ կլիներ»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս