Միջազգային հանրության հասցեական գնահատականներին պետք է հետևեն պատժամիջոցներն Ադրբեջանի նկատմամբ. Շարմազանով

Ադրբեջանը տարիներ շարունակ, իսկ վերջին երկու տարիներին ավելի ինտենսիվ, իրականացնում է խաղաղ բանակցությունների տորպեդահարման քաղաքականություն: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Հստակ է, որ արցախա-ադրբեջանական հակամարտությունում կա մեկ ապակառուցողական կողմ՝ դա Ադրբեջանն է: Այդ իմաստով մի բան կարող ենք ասել, որ միջազգային հանրության՝ արդեն հասցեական գնահատականներին պետք է հետևեն պատժամիջոցները, քանի որ Ադրբեջանը հստակ սպառնում է տարածաշրջանային անվտանգությանը»,­- ասաց Էդուարդ Շարմազանովը:

Նա ընդգծեց, որ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում հայկական կողմի դիրքորոշումը չի փոխվել, որն Ազգային ժողովի առաջին նիստի ընթացքում իր ելույթում ևս մեկ անգամ հնչեցրել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: «Խնդրի անկյունաքարը Արցախի ժողովրդի անվտանգությունն է ու ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը: Այս հարցերում մենք միակողմանի զիջումների չենք գնալու: Մենք՝ որպես Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավոր, ամեն ինչ անելու ենք, որպեսզի բանակցային գործընթացով հասնենք այս խնդրի արդարացի լուծմանը, որպեսզի միջազգային հանրությունը ճանաչի Արցախի ժողովրդի՝ արդեն իրացված իրավունքը: Սա է մեր նպատակը»,-­ եզրափակեց Էդուարդ Շարմազանովը:

Տեսանյութեր

Լրահոս