Թբիլիսյան խճուղում հրդեհի բռնկմամբ վթար է տեղի ունեցել. կա 7 վիրավոր (լրացված)
Հունիսի 8-ին, ժամը 21:17-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում՝ «Երևանի շամպայն գինիների գործարան» ԲԲԸ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:
Պարզվել է, որ իրար են բախվել «Toyota Probox» մակնիշի 34 ZL 743 (վարորդ՝ 1980 թ. ծնված Ա. Ս.) և «Mercedes C» մակնիշի 24 LU 420 (վարորդ՝ 1988 թ. ծնված Հ. Մ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով 6 քաղաքացի հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:25-ին, մարվել՝ 21:29-ին:
Ամբողջությամբ այրվել է «Toyota Probox» մակնիշի ավտոմեքենան։
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Mercedes C» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Հ. Մ.-ը, ուղևոր՝ 1995 թ. ծնված Մ. Պ.-ը, «Toyota Probox» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա․ Ս.-ը, ուղևորներ՝ 1995 թ. ծնված Մ. Դ.-ը, 1983 թ. ծնված Ս. Մ.-ը, 1972 թ. ծնված Ա. Մ.-ը և 1987 թ. ծնված Ա. Ղ.-ը հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։
Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes C» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և սահմանազատել վտանգավոր տարածքը։
Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը «Toyota Probox» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1992 թ. ծնված Ֆ. Ե.-ին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն։