Հռոմում տեղի ունեցավ հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստը

Հունիսի 7-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Անջելինո Ալֆանոն Հռոմում բացեցին հայ-իտալական միջակառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստը։

Միջկառավարական հանձնաժողովի գումարման մասին համաձայնությունը ձեռք Էր բերվել նախորդ տարի Իտալիայի նախկին ԱԳ նախարար, ներկայիս վարչապետ Պաոլո Ջենտիլոնիի Հայաստանի կատարած այցի ժամանակ՝ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպմանը։

Հայկական կողմից հանձնաժողովի կազմում ընդգրկված են ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանը, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխոնոլոգիաների փոխնախարար Արման Խաչատրյանը, մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը, տարբեր գերատեսչությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ։ 

Հայ-իտալական միջակառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստի արդյունքներով ընդունվեց արձանագրություն։

Ելույթ ունենալով բացման արարողությանը նախարար Նալբանդյանն ասաց.

«Ինձ համար պատիվ է բացման խոսքով հանդես գալ հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստին: Ողջունում եմ հանդիպման բոլոր մասնակիցներին և բեղմնավոր ու արդյունավետ քննարկումներ եմ մաղթում:

Անշուշտ, կիսելով նախարար Ալֆանոյի տեսակետները՝ ցանկանում եմ դրանց որոշ մտքեր հավելել:

Իհարկե, այս հանձնաժողովի աշխատանքները էական ներդրում կարող են ունենալ հայ-իտալական հարաբերությունների հետագա ամրապնդման և ընդլայնման գործում: Հայաստանի և Իտալիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը լավ առիթ է՝ ընդգծելու մեր երկկողմ ձեռքբերումները՝ բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունից մինչև տնտեսական համագործակցություն, գործընկերություն մշակութային, գիտական և շատ այլ ոլորտներում:  

Մեր օրակարգում մշտապես կարևոր տեղ է զբաղեցրել առևտրատնտեսական և ոլորտային համագործակցության խթանման անհրաժեշտությունը: Անչափ կարևոր է, որ նորին գերազանցություն Պաոլո Ջենտիլոնիի՝ ԱԳ նախարարի պաշտոնում անցած տարի Հայաստան կատարած այցի ժամանակ պայմանավորվեցինք անցկացնել այս հանդիպումը, և այսօր ես հատկապես ուրախ եմ, որ այդ համաձայնությունը կյանքի է կոչվել։

Հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովը մեծ կարևորություն է ներկայացնում և այն, անշուշտ, նոր հեռանկարներ կբացի տնտեսական փոխգործակցության համար, կխթանի գործընկերությունն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաները, ենթակառուցվածքների զարգացումը, էներգետիկան, ծառայությունները, մեքենաշինությունը, գյուղատնտեսությունն ու սննդի վերամշակումը, և կխրախուսի ապակենտրոնացված համագործակցությունը: Այն նաև հնարավորություններ է ստեղծելու կրության, մշակույթի, զբոսաշրջության և այլ ոլորտներում փոխգործակցության խրախուսման համար:

Միջազգային փորձն ապացուցում է, որ սա շատ գործնական հարթակ է՝ բացահայտելու և կանոնավոր հիմքերի վրա դնելու համար երկկողմ առևտրատնտեսական կապերի նոր հնարավորությունները, դյուրացնելու միջկառավարական համագործակցությունը, ինչպես նաև ձևավորելու առավել նպաստավոր ներդրումային միջավայր:

Մենք այս հանդիպմանը մասնակցում ենք միջգերատեսչական թիմով՝ մտադրություն ունենալով լիարժեք օգտվել այս հարթակի կողմից ընձեռնված հնարավորություններից:

Տիկնայք և պարոնայք,

Ակնկալում ենք այս տարվա աշնանը՝ Բրյուսելում կայանալիք ԵՄ Արևելյան գործընկերության գագաթաժողովի ժամանակ, ստորագրել Հայաստանի և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը սահմանում է մեր դինամիկ առևտրատնտեսական հարաբերությունների, ինչպես նաև ընդլայնված ոլորտային համագործակցության շրջանակը:

Հայաստան-ԵՄ գործընկերությունը լավ հնարավորություն է ընձեռում Եվրոպական միության անդամ երկրների հետ երկկողմ կապերի հետագա ամրապնդման առումով, և մենք ձգտում ենք օգտագործել այն Իտալիայի հետ մեր համագործակցությունը խորացնելու համար:

Հուսով եմ, որ միջկառավարական հանձնաժողովը իր գործունեության ընթացքում նույնպես օգուտ կքաղի այն առավելություններից, որ ընձեռում է Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը: 

Համոզված եմ, որ հանձնաժողովի շրջանակներում այսօր կայանալիք գործարար համաժողովը լայն հնարավորություններ կտա գործարար կապերի միջոցով երկկողմ առևտրատնտեսական օրակարգի հետագա զարգացման համար:

Այսօր մենք լավ մեկնարկ ենք տվել, որն, անկասկած, ամրապնդելու է դարերի խորքից եկող հայ-իտալական բարեկամությունը՝ ի շահ մեր ժողովուրդների բարեկեցության:
Հայկական պատվիրակության անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իտալացի գործընկերներին՝ այս միջոցառումը հյուրընկալելու համար, և մաղթել արդյունավետ օր»:

Տեսանյութեր

Լրահոս