«Տարօրինակ է, որ գյուղապետերը դեմ չեն արտահայտվում համայնքների խոշորացման ծրագրին». Մանե Թանդիլյան
«Ելք» դաշինքի պատգամավոր Մանե Թանդիլյանն այսօր ԱԺ-ում հայտարարեց, որ գյուղապետերին ընդհանրապես ձեռնտու չէ համայնքների խոշորացումը, և այն, որ նրանք դեմ չեն արտահայտվում, շատ տարօրինակ է։
«Նրանք, ըստ էության, չեն էլ արտահայտում իրենց համայնքի բնակիչների կարծիքը։ Եվ ցանկալի է, որ նախքան այս նախագիծն այստեղ բերելը՝ մարդկանց հետ քննարկեք, և իրենց վստահությունն ունենալով` ԱԺ բերեք ձեր նախագծերը»,- դիմելով տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանին՝ ասաց նա։
Նրա խոսքով՝ ադմինիստրատիվ աշխատողները կկրճատվեն, և արդյո՞ք հետաքրքրվել են, թե ինչ է լինելու նրանց ճակատագիրը հետագայում. «Ես ներքին արտագաղթի խնդիր եմ տեսնում. արդյո՞ք մարդիկ կարողացել են հարմարվել նոր համայնքում, ի՞նչ խնդիրներ ունեն, և արդյո՞ք կարողացել եք այդ խնդիրներին լուծում տալ։ Սրանք հարցեր են, որոնց ամբողջական պատկերն այս պահին չունենք»։
Դիմելով քաղաքացիներին՝ Թանդիլյանն ասաց, որ, երբ ձայն են տվել ՀՀԿ-ին, չէի՞ն գիտակցում, որ իրենց համայնքները խոշորացվելու են, և փողոցները փակելու խնդիր է լինելու.
«Ինչպե՞ս է լինում, որ Սոդք գյուղում 530 ձայնով ընտրվում են հանրապետականները, 9 ձայնով՝ «Ելքը», սակայն, ես ու մեր դաշինքի իմ գործընկերներն ամեն օր ահազանգեր ենք ստանում նրանցից։ Մենք բոլորի պատգամավորն ենք, դա չէ հարցը, բայց ուզում եմ մեր քաղաքացիներին ասել՝ ընտրության օրը ձեր կատարած ընտրությունը կապ ունի հետագա ձեր ամեն օրվա հետ, և սա դրա վառ ապացույցն է։ Այնպես չէ, որ ՀՀԿ-ն հանկարծ բերել է այս ծրագիրը, մինչ այդ էլ էր բերել, և պետք էր իմանալ, որ այս գործընթացը չի դադարելու։ Սա դաս պետք է լինի հետագա ընտրության համար»։