«ԱԺ-ն էլ կարող է սեփականաշնորհման խնդիր բարձրացնել, պարտադիր չէ, որ միայն կառավարությունը դա բերի». Արմեն Ռուստամյան
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր ԱԺ-ում հայտարարեց, որ Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին օրենքի նախագիծը դրական առումով տարբերվում է նախորդի տրամաբանություններից.
«Միայն չոր ցանկ չեն բերում, այս անգամ որոշակի սկզբունքներ են փորձել դնել՝ կապված նրա հետ, թե ինչո՞ւ է կատարվում այս սեփականաշնորհումը, ի՞նչ նպատակ է հետապնդում, ի՞նչ սկզբունքների պետք է բավարարի»։
Պատգամավորը նկատեց՝ կառավարությունը պետք է սովորի, որ երբ մի ցանկ բերում է, դա ինչպես մտնում է խորհրդարան, այդպես էլ չպետք է դուրս գա. «Նա պետք է իմանա, որ ԱԺ-ն դնելու է ֆիլտրեր, և բերված ցանկերն այդ ֆիլտրերով անցնեն։ Պետք է սկզբունքներ սահմանվեն, թե ինչո՞ւ է անհրաժեշտ սեփականաշնորհումը և որո՞նք են այն ցուցանիշները, որոնց հիման վրա գնում ենք սեփանաշնորհման»։
Նրա խոսքով՝ գործընթացը պետք է ավելի խորացնել ու դարձնել հասկանալի. «Հիմա խորհրդարանական կառավարման համակարգի մեջ ենք, մեր հանձնաժողովները կարող են հարց բարձրացնել այս կամ այն օբյեկտի սեփականաշնորհման մասին, պարտադիր չէ, որ միայն կառավարությունը դա բերի»։