Բաժիններ՝

«Ոչ այնքան հաջող ձևակերպումն է՛լ ավելի բարդացրիք». Նիկոլ Փաշինյանը՝ Արման Սահակյանին

«Ելք» դաշինքի պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում մեջբերում արեց Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին նախագծից, որտեղ ասվում է, թե հասարակության մասնակցության անհրաժեշտություն չի առաջացել։ Ապա, դիմելով ՀՀ կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին, ասաց, որ դրա հետ համաձայն չէ, և բերեց օրինակներ.

««Հայփոստ» ընկերությունը հազարավոր մարդկանց շահերի հետ առնչվում է, կամ 10 առողջապահական օբյեկտներ են ներառված ցանկում, որ ունեն շահառուներ, այդ թվում՝ ծանր առողջական խնդիրներով մարդիկ։ Այս քննարկումների իմաստն այն է, որ պոտենցիալ շահառուները հասկանան, թե իրենց հետ ի՞նչ է տեղի ունենալու։ Օրինակ՝ Նևրոզների հանրապետական կենտրոնը՝ առանց մարդկանց հետ քննարկելու և շահառուներին ներկայացնելու, թե ինչ է տեղի ունենում, իրենցից փակ սեփականաշնորհում ու այդ մարդկանց ավելի ենք ներվայնացնում։ Արդյո՞ք սա ճիշտ մոտեցում է»։

Ի պատասխան՝ Արման Սահակյանն ասաց, որ ԱԺ պատգամավորներն են ներկայացնում հասարակությունը, դրա համար հարցերն ԱԺ-ում են քննարկվում. «Ես ձեզ վստահեցնում եմ, որ մասնավորեցման ծրագիրը հաստատելուց հետո գործընթացների ժամանակ, անկախ ամեն ինչից, ընդդիմություն թե իշխանություն, մենք պատրաստ ենք միասին քննարկել մասնավորեցման ամբողջ գործընթացը։ Դրա համար ենք ասում, որ հասարակության հետ քննարկման կարիք չկա»։

Փաշինյանը նկատեց, որ ոչ այնքան հաջող ձևակերպումը Սահակյանն էլ ավելի բարդացրեց. «Հիմա, փաստորեն, դուք ասում եք, որ մեզ հետ քննարկելու անհրաժեշտություն էլ չկա։ Ստացվում է, որ, եթե մենք հասարակության ներկայացուցիչն ենք, իսկ դուք գրել եք, որ հասարակության մասնակցության անհրաժեշտություն չի առաջացել, ստացվում է, որ մենք հիմա առանց անհրաժեշտության՝ ձեզ հարցեր ենք տալիս, և կարող էինք չտալ, անիմաստ ժամանակ ենք վատնում։ Այդ մեկնաբանության հետ առավել ևս համաձայն չեմ»։

Սահակյանը միայն նշեց, որ քննարկում են նախագիծը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս