««Գործ տալու» դեմ պայքար մղողներն ամենախոշոր գործ տվողներն են». Նիկոլ Փաշինյան
«Ելք» դաշինքի պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում, անդրադառնալով ՀՅԴ պատգամավոր Անդրանիկ Կարապետյանի այն հայտարարությանը, թե կոռուպցիայի մասին բարձրաձայնելը նշանակում է՝ «գործ տալ», ինչը հայեցի չէ, ասաց, որ դա հանցագործ աշխարհին հատուկ հասկացություն է։
«Հանցագործ աշխարհի գործառնական նշանակությունը թալանելն է, գողանալը, և եթե դրա համար անհրաժեշտ է սպանելը, ապա նույնիսկ՝ սպանելը։ Մենք ի՞նչ ուղերձներ ենք մեր երիտասարդությանը հղում։ Մեր բանակի շատ պրոբլեմներ հենց սրա հետ են կապված, երբ մեկը տեսնում է, որ տանկից վառելիք են գողանում, և պետք է զեկուցագիր գրի այդ մասին, կողքից ասում են՝ հո դու գործ տվող չե՞ս։ Մարդկանց կյանքերն է դրված զոհասեղանին։ Իսկ ԱԺ-ում, ես կարծում եմ՝ էթիկայի հարց է։ ՀՀ-ում կա Քրեական դատավարության օրենսգիրք, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է իրեն հայտնի դարձած հանգամանքների մասին նախաքննության մարմնին տեղյակ պահել»,- նկատեց պատգամավորը։
Ըստ Փաշինյանի՝ չպետք է թույլ տալ, որ ԱԺ ամբիոնից հնչեն ելույթներ և խոսքեր, որոնք «պատերի տակ պպզածներին թույլ կտան ավելի պինդ պպզել»՝ իրենց զգալով ՀՀ տեր և տնօրեն.
«Պատասխանատու կերպով, որպես Կոշ ՔԿՀ նախկին կալանավոր՝ ասեմ, որ այդ գործ տալու մասին ազդարարողներն իրենք սահմանված ժամանակ և ձևերում վազում և շատ ակտիվ գործ են տալիս՝ իրենց իսկ տրամաբանության սահմաններում մարդկանց նկատմամբ զրպարտագրեր գրելով։ Հենց այդ հանցագործ աշխարհի ներկայացուցիչները, այդ գողականները, որոնք միֆ են ստեղծել։ Իմ համոզմունքն այն է, որ «գործ տալու» դեմ պայքար մղողներն ամենախոշոր գործ տվողներն են»։