«Ծխախոտը թանկացնելով ծխելու դեմ պայքարելու արդյունավետությունը համարժեք չէ գների թանկացմանը». Հակոբ Հակոբյան
«Իրականում ծխելը շատ վատ բան է: Ես էլ եմ ծխում, գիտեմ: Երկրորդը՝ պայքարել ծխախոտի դեմ նշանակում է՝ պայքարել հանրային առողջության համար: Երրորդը` պայքարել` թանկացնելով ծխախոտը, արդյունավետությունը չեմ կարող ասել, որովհետև ամբողջ աշխարհն էդ ճանապարհն անցել է, բայց արդյունավետության գնահատականը չեմ կարծում, որ համարժեք է գների թանկացմանը»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը` մեկնաբանելով ծխախտի դեմ պայքարն ու դրա ապագա թանկացումը:
Դիտարկմանը, որ ծխողները բողոքում են, որ պետք է ոչ թե արգելել փակ տարածքներում ծխելը, այլ ստեղծել ծխողների և չծխողների համար հասարակական վայրեր, Հ.Հակոբյանը նշեց, որ ծխելը լրիվ արգելելը ճիշտ չէ, քանի որ ծխողն էլ ունի մարդու իրավունքներ ու ազատություններ, չծխողն էլ.
«Բայց մենք այդ տեսակետից չենք քննարկում խնդիրը: Մենք քննարկում ենք խնդրի հանրային առողջության հետ կապված հարցերը, որ ցանկացած դեպքում փակ տարածքում ծխելը վնասակար է մարդու առողջությանը»:
«Մի տեսակ տրամաբանական չէ` մարդը վճարում է և’ ծխախոտի համար, և’ ծխախոտի հետևանքով ձեռք բերած հիվանդությունը բուժելու համար: Դա տրամաբանական չէ և մեր պայքարը դրանում է»,- հավելեց պատգամավորը: