«Այս հարցից ավելի մեծ քաղաքական դիվիդենտներ շահելու կարիք չկա». Շարմազանովը՝ ընդդիմադիրներին
«Կոռուպցիան ախտ է և մեծագույն մարտահրավեր մեր երկրի համար։ Պետք է գործենք, լինենք միասնական. կոռուպցիայի դեմ պայքարում չկա ընդդիմություն և իշխանություն»,- այսօր ԱԺ-ում այս մասին ասաց խորհրդարանի փոխխոսնակ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Էդուարդ Շարմազանովը։
Նրա ելույթի ժամանակ դահլիճից աղմուկ լսվեց, ինչին Շարմազանովն այսպես արձագանքեց. «Երևի խանգարում եմ, հա՞, իմ գործընկերներին»։
Ապա նշեց, որ կոռուպցիայի դեմ պայքարի հարցում բոլորը պետք է հստակ տեսլական ունենան. «Այս հարցից ավելի մեծ քաղաքական դիվիդենտներ շահելու կարիք չկա»։
Շարմազանովի խոսքով՝ կոռուպցիայի դեմ պայքարի մի քանի միջոց կա՝ քաղաքական կամք, օրենսդրական նախաձեռնություն. «Այս տարիների փորձը ցույց է տվել, որ իշխանությունը քաղաքական կամք ունի։ Բավարա՞ր է դա, թե՞ ոչ, վիճելու հարց է։ Դրա վառ ապացույցն օրենսդրական նախաձեռնություններն ու օրենքների ընդունումներն են։ Այս օրենսդրական նախաձեռնությունն անհրաժեշտություն է։ Մենք պատրաստ ենք և պարտավոր ենք լսել ընդդիմության յուրաքանչյուր ներկայացուցչի առաջարկը։ Պարտավո՞ր ենք բոլոր առաջարկություններն ընդունել. մեծ ցանկության դեպքում՝ ոչ, և անհնար է, բայց պետք է լսենք, գեներացնենք, որպեսզի գանք սողոմոնյան ճշմարիտ լուծման»։
Նա նշեց, որ կա միջազգային փորձ, ըստ որի՝ կոռուպցիայի դեմ պայքարի հարցում չկա ընդդիմություն և իշխանություն, հետևաբար՝ ինչ վերաբերում է ընդդիմության ներկայացուցիչների առաջարկին, թե՝ պետք է հակակոռուպցիոն մարմինը գլխավորի ընդդիմության ներկայացուցիչը, նա ասաց, որ դա պարտադիր չէ. «Բայց ես համաձայն եմ, որ պետք է ուղիներ որոնել՝ ընդդիմադիր մեր գործընկերներին որևէ ձևով խորհրդի աշխատանքներին մասնակցության հնարավորություն տալու համար։ Մասնակցել՝ չի նշանակում՝ այնտեղ անդամներ ունենալ, կարող են քննարկումներին մասնակցել»։