Բաժիններ՝

Վրաստանի նախագահի մամուլի քարտուղարն անդրադարձել է Մուխտարլըի գործին

Վրաստանի նախագահի մամուլի քարտուղար Էկա Միշվելաձեն անդրադարձել է Վրաստանում առևանգված և ներկայումս Բաքվի բանտում ազատազրկման մեջ գտնվող ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխտարլըի գործին: Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

«Մուխտարլըի հետ կատարված դեպքի վերաբերյալ հանրության մոտ առաջացած հարցերն անպատասխան թողնելն օր օրի ավելի է վնասում Վրաստանի միջազգային հեղինակությանը»,-­ ասել է Միշվելաձեն Թբիլիսիում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

Միշվելաձեն նշել է, որ միջազգային հանրության շրջանում այս դեպքի հետ կապված քննարկումներում Վրաստանը ներկայացվում է, որպես մի երկիր, որտեղ մարդու իրավունքները պաշտպանված չեն:

«Ակնհայտ է, որ այս տխուր դեպը զգալի վնաս է հասցրել Վրաստանի միջազգային կերպարին և Վրաստանը ներկայացվում է, որպես մի երկիր, որտեղ մարդկանց իրավունքները չեն պաշտպանվում, ճնշում են լրագրողներին, առևանգում են մարդկանց»,-­ հավելել է նա:

Աֆղան Մուխտարլին հայտնի է որպես ադրբեջանական իշխանությունների վարած քաղաքականության քննադատ: 2015 թվականից ի վեր ստիպված է եղել բնակություն հաստատել Թբիլիսիում: Օրերս նա անհետացել էր, ինչի կապակցությամբ ընտանիքը դիմել էր ոստիկանություն: Ավելի ուշ նա հայտնվել էր Բաքվում և ձերբակալվել:

Ադրբեջանի իշխանությունները նրան մեղադրում են գումարի ապօրինի տեղափոխման և սահմանը հատելու մեջ:

Մաուխտարլըն չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, և գտնում է, որ իրեն ձերբակալել են ընդդիմադիր լրագրողական գործունեության պատճառով:

Մուխտարլիի առևանգման գործով մտահոգություն են հայտնել Վրաստանի պատկան մարմինները, այդ թվում և երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին:

«Մեր երկրի հեղինակությունը շատ լուրջ վտանգի տակ է: Ձեզ ցանկանում եմ հայտնել, որ ես և այլ բարձրաստիճան քաղաքական գործիչներ, ադրբեջանցի լրագրողի գործի հետ կապված գտնվում ենք կառավարական ճգնաժամի մեջ: Ներկայումս մենք փորձում ենք փրկել մեր երկրի հեղինակությունը, ադեկվատ պատասխաններ տալ արտերկրից և երկրի ներսից մեր հասցեին տեղացող մեղադրանքներին և այդ պատճառով նույն պես ճգնաժամային իրավիճակում ենք»,­- հունիսի 3-­ին լրագրողների հետ զրույցում նշել էր Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս