Բաժիններ՝

«Թանկացումներն արդեն սկսվել են». Հրաչ Բերբերյան

Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանի կարծիքով՝ այս տարի ոռոգման հետ կապված խնդիրներ չեն լինի, քանի որ ձյան շերտը մեծ է եղել։ «Համապատասխան ջրամբարներն այսօր պատրաստ են ոռոգման սեզոնին։ Մանր-մունր միջադեպեր կարող են լինել ջրբաշխների մոտ, որոնք սկզբից իրենց հողն են ոռոգում, հետո՝ մյուսների, բայց, որ այս տարի ջրի խնդիր չունենք, փաստ է։ Եթե ոռոգման ջրի խնդիր ունենանք, ուրեմն՝ միտումնավոր բաներ են կատարվում»,- 168.amի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակիցը բերքի առումով տարին շատ վատ է գնահատում. «Կառավարությունը 17%-ով բերքի անկում է հայտարարել, բայց այդ թիվը կարելի է 2-ով բազմապատկել։ Կարտոֆիլագործությունը, բանջարաբուծությունն ու պտղաբուծությունը միջին վիճակում են, խաղողագործությունը վատ վիճակում է։

Այն, ինչ Գյուղնախարարությունը պետք է աներ, այդպես էլ չարեց. գարնանը գյուղացին չապահովվեց դիզվառելիքով։ Հունիս ամսին ասում են՝ գարնանացանը ձախողել ենք. հունիսն ամռան ամիս է, ոչ թե գարնանացանի ամիս։ Խեղկատակությունը չափ ու սահման ունի»։

Ագրարագյուղացիական միավորման տվյալներով՝ այս տարի՝ նախորդ տարվա համեմատ, մոտ 5 անգամ պակաս պարարտանյութ է ներկրվել Հայաստան։

«Պարարտանյութի որակական հատկանիշներն էլ մեզ մտահոգում են, դրա մասին բազմիցս խոսել ենք»,- ասաց Բերբերյանը՝ ընդգծելով, որ թանկացումներն արդեն սկսվել են։

«Կարտոֆիլի մանրածախ գինն արդեն 350 դրամ է՝ նախորդ տարվա 120 դրամի փոխարեն։ Այլ թանկացումներ էլ կլինեն։ Իսկ Գյուղնախարարությունը որոշել է գարու մշակմամբ զբաղվել, այդ կուլտուրան շատ հոգեհարազատ է իրենց, դեռ կտեսնենք, թե ինչ կլինի։ Համենայնդեպս, գարուց լավ բան չենք սպասում»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս