ՀՀ ԱԺ պատվիրակությունը հանդիպել է ՌԴ խորհրդարանի երկու պալատների փոխնախագահների հետ
Ռուսաստանի Խանտի Մանսիյսկի ինքնավար մարզում հունիսի 58-ը տեղի ունենալիք Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 29-րդ նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով ՌԴ մայրաքաղաքում գտնվող հայկական պատվիրակությունը Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ հունիսի 5-ին հանդիպումներ է ունեցել ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի առաջին տեղակալ Նիկոլայ Ֆյոդորովի եւ Պետական դումայի նախագահի առաջին տեղակալ Ալեքսանդր Ժուկովի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի աշխատակազմից՝ հավելելով. «Հանդիպումներին մասնակցել են ռուսական կողմից` ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի անդամներ Ն. Ռիժկովը, Ի. Չերնիշենկոն, Ռ. Զինուրովը, ՊԴ պատգամավորներ Վ. Վոդոլացկին, Ի. Շուբինը, Ա. Կոբիլեւը եւ ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Ի.Վոլինկինը, հայկական կողմից` ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Հ. Բաբուխանյանը («ՀՀԿ» խմբակցություն) , Ջ. Բաղդասարյանը («ՀՀԿ» խմբակցություն), Տ. Ուրիխանյանը («Ծառուկյան» խմբակցություն), Տ. Միքայելյանը («Ծառուկյան» խմբակցություն) , Է. Մարուքյանը («Ելք» խմբակցություն), Ա. Սարգսյանը(«Ելք» խմբակցություն), Ա. Միրզոյանը («Ելք» խմբակցություն), Ա. Վարդանյանը («ՀՅԴ» խմբակցություն) եւ ՌԴ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վ. Տողանյանը:
ՌԴ խորհրդարանի երկու պալատների փոխնախագահների հետ հանդիպումների ընթացքում զրուցակիցները նշել են, որ հայռուսական խորհրդարանական համագործակցությունը երկկողմ հարաբերությունների լայն ներկապնակի կարեւորագույն բաղադրիչներից է, որում հատուկ դեր ունի հայռուսական միջխորհրդարանական հանձնաժողովը:
Հայ եւ ռուս գործընկերներն արձանագրել են, որ խորհրդարանական ընտրություններից հետո սա առաջին հանդիպումն է ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում եւ շնորհավորել են միմյանց ընտրվելու եւ բարձր վստահություն վայելող ընտրությունների անցկացման կապակցությամբ: Հայ պատգամավորները հավաստիացրել են, որ նոր ձեւավորված հայկական խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերը շահագրգիռ են գործընկերների հետ համագործակցելու հարցում: Հանձնաժողովականները շնորհակալություն են հայտնել հայռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նախորդ կազմին, որը երկարամյա գործունեության շնորհիվ լուրջ ներդրում է ունեցել համատեղ աշխատանքների արդյունավետության բարձրացման եւ հարաբերությունների ընդլայնման գործում:
ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի առաջին տեղակալ Նիկոլայ Ֆյոդորովի հետ հանդիպման ընթացքում զրուցակիցները փաստել են, որ ներկայում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ համագործակցությունը կրում է դաշնակցային բնույթ եւ հիմնված է երկու երկրների երկարաժամկետ շահերի վրա: Այն ամրապնդված է բազմաթիվ պայմանագրերով եւ համաձայնագրերով, որոնք ապահովում են երկկողմ հարաբերությունների կայուն զարգացումը: Հանդիպման ընթացքում քննարկումներին ակտիվ մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ Հայկ Բաբուխանյանը, Տիգրան Ուրիխանյանը, Արամ Սարգսյանը:
Պետդումայի նախագահի առաջին տեղակալ Ալեքսանդր Ժուկովի հետ հանդիպմանն անդրադարձ է կատարվել տնտեսական համագործակցությանը, ներդրումների ծավալներին, ինչպես նաեւ Ռուսաստանում բնակվող հայազգի քաղաքացիների խնդիրներին եւ ազգային շարժումների հակադարձմանը վերաբերող մի շարք հարցերի:
Պատգամավորները վստահություն են հայտնել, որ Եվրասիական տնտեսական միությունը կարեւորագույն դեր կխաղա երկու երկրների տնտեսությունների զարգացման գործում` միջտարածաշրջանային կապերի զարգացման ներուժի հետ համատեղ: Հայռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հերմինե Նաղդալյանը առանձնապես կարեւորել է համագործակցությունը միջազգային ասպարեզում` ընդգծելով Ռուսաստանի կառուցողական դերը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ` Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում, Վիեննայում եւ Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունների շրջանակներում: Կողմերն անդրադարձել են Ադրբեջանին զենք վաճառելու խնդրին, որը նախկինում եւս բարձրացվել է այս հանձնաժողովի հարթակում:
«Մենք մեծ նշանակություն ենք տալիս փոխադարձ վստահության մթնոլորտի ձեւավորման ուղղությամբ միջոցառումների անցկացմանը: Խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի», իր խոսքում ընդգծել է միջխորհրդարանական հանձնաժողովի հայկական կողմի համանախագահը:
Հայանպաստ գործունեության, ինչպես նաեւ «Հայաստանի մարզեր եւ Ռուսաստանի ռեգիոններ» հանրագիտարանի հրատարակման առթիվ Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ, ՀՀ ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովին հայ պատվիրակները հանձնել են ՀՀ վարչապետի հուշամեդալ:
Հանդիպումների ավարտին հայկական պատվիրակությունը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության եւ Միջխորհրդարանական հանձնաժողովի 29րդ նիստի անցկացման համար եւ վստահություն հայտնել, որ այն հարաբերությունների զարգացման ճանապարհին առաջիկայում եւս զգալի նպաստ կբերի եւ կբարձրացնի միջպետական ու միջխորհրդարանական հարաբերությունների մակարդակը»: