Դիվանագիտական ճգնաժամի ֆոնին Իրանը պատրաստ է սննդամթերք մատակարարել Կատարին
Իրանը պատրաստ է Կատարին ցանկացած տեսակի սննդամթերք մատակարարել՝ հաշվի առնելով հարևան արաբական երկրների հետ այդ երկրի հարաբերությունների վատթարացումը: Ինչպես հաղորդում է իրանական Fars գործակալությունը, այդ մասին հայտարարել է Իրանի գյուղատնտեսական արտադրանքի ներմուծման ասոցիացիայի նախագահ Ռեզա Նուրանին:
«Մենք պատրաստ ենք Կատար արտահանել ցանկացած տեսակի սննդամթերք՝ հաշվի առնելով այդ երկրի նկատմամբ Պարսից ծոցի այլ երկրների սահմանած պատժամիջոցները»,- ասել է Նուրանին:
Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Բահրեյնը, Արաբական Միացյալ Էմիրությունները հունիսի 5-ին հայտարարել են Կատարի հետ դիվանագիտական եւ հյուպատոսական հարաբերությունները խզելու մասին՝ Դոհային մեղադրելով ահաբեկչական կազմակերպություններին աջակցելու եւ արաբական այս երկրների ներքին իրադրության ապակայունացման գործողությունների մեջ: Ավելի ուշ նրանց միացել են նաեւ Եմենը, Լիբիան և Մալդիվները: