Բաժիններ՝

«Գնում ենք հաղթելու համար». Մխիթարյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին

Հայ ֆուտբոլասերները հանգստյան օրերը եզրափակում են դրական նոտայով՝ հավաքականը հաղթում է ջախջախիչ հաշվով, հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանն էլ 45 րոպեում 2 գոլ է հեղինակում:

Աշխարհի առաջնության որակավորման փուլի շատ կարևոր խաղից առաջ, որտեղ հայկական ընտրանին կմրցի Չեռնոգորիայի հետ, հավաքականը ընկերական խաղ անցկացրեց Սենթ-Քիթս և Նևիսի հավաքականի դեմ:

Այս խաղն ու առաջիկա կարևոր հանդիպումը մեկնաբանել է հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը:

Ըստ Մխիթարյանի՝ մրցակիցը հզոր չէր, բայց այս խաղը շատ կարևոր էր հաջորդ խաղին պատրաստվելու տեսանկյունից: Թիմի համար կարևորը ոչ թե շատ գոլ խփելն ու լավ խաղալն էր, այլ ճիշտ խաղալը:

«Մարդիկ կկարծեն, որ այս հաղթանակը մեզ շատ բան է տալիս, բայց իրականում ոչինչ չի տալիս, քանի որ այս խաղից հետո պետք է վերլուծել և հասկանալ, թե որտեղ են սխալվել: Այսօրվա խաղում կային և լավ բաներ, և վատ բաներ: Մոնտենեգրոյի հետ խաղում պետք է աշխատենք ավելի լավ խաղալ»:

Խաղում ամենից կարևորը, ըստ Մխիթարյանի՝ այն է, որ հավաքականի ֆուտբոլիստները չստացան լուրջ վնասվածքներ, իսկ փոքր վնասվածքներն էլ կանցնեն մինչև Մոնտենոգրոյի հետ խաղը:

Ըստ Մխիթարյանի՝ Մոնտենեգրոյի հետ արտագնա խաղը հեշտ չի լինելու, սակայն թիմը պատրաստ է այդ հանդիպմանը:

«Ամեն ինչ հնարավոր է: Չենք գնալու Մոնտենեգրո պաշտպանվելու համար: Շատ բարդ է լինելու, քանի որ ունենք բացակայող ֆուտբոլիստներ, բայց գնում ենք հաղթելու համար»,-նշում է Հենրիխը:

Հիշեցնենք, որ Հայաստան-Չեռնոգորիա հանդիպումը կկայանա հունիսի 10-ին, Երևանի ժամանակով 22:30-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս