«Այս ինչ անմտություն, անգրագիտություն, վտանգավոր քաղաքականություն է». Արամ Սարգսյանը՝ մասնավորեցման ծրագրի մասին
Մտավորականների ֆորումը կառավարությունից պահանջում է դադարեցնել կարևոր ընկերությունների մասնավորեցումը:
Այսօր կազմակերպված ասուլիսի ընթացքում ֆորումի ղեկավար Արամ Գասպարի Սարգսյանը (Դեմոկրատական կուսակցության նախագահ) հայտարարեց, որ իրենց խորհրդի անդամները մտահոգված են այս խնդրով այն պարզ պատճառով, որ մասնավորեցվում են լրջագույն կառույցներ, որոնք, ըստ նրա՝ եզակի են։
Հիշեցնենք, որ ՀՀ Կառավարությունը հաստատել է 2017-2020թթ. մասնավորեցման ծրագիրը, ըստ որի՝ նախատեսվում է մասնավորեցնել հաստատված 47 պետական ընկերություններ, որոնցից 23-ը՝ սեփականաշնորհման նախկին ծրագրով:
Դրանց թվում են՝ Հայաստանի փոստի ազգային օպերատոր «Հայփոստը», «Հայֆիլմ» կինոստուդիան, ՀՀ կառավարության ընդունելությունների տունը, «Հրազդանի մարզահամալիր» ՓԲԸ-ն, «Հայավտոկայանը», Երևանի ոսկերչական գործարանի պետական բաժնետոմսերի փաթեթը, Կուրորտաբանության և ֆիզիոթերապիայի գիտահետազոտական ինստիտուտը, Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը, Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը, և այլն: Ընկերությունների վաճառքից պետությունն ակնկալում է ստանալ 35-36 մլրդ դրամ:
«Այս ինչ անմտություն, անգրագիտություն, վտանգավոր քաղաքականություն է։ Եվ ընդհանրապես ինչի՞ համար եք վաճառում։ Վաճառում եք, որ իբր թե 35 մլրդ դրամ ստանաք։ Դա իրենց այս տարվա բյուջեի դեֆիցիտի 1/3-ն էլ չի կազմում»,-նկատեց Ա. Սարգսյանը։
Նա նշեց, որ ոչ թե պետք է այսպիսի սեփականաշնորհում անցկացնել, այլ ընդհակառակը՝ պետք է պահպանել պետական հատվածը, ստանալ համապատասխան շահույթ, քանի որ, Սարգսյանի խոսքով՝ բոլորը շահութաբեր հիմնարկներ են. «Դրան համապատասխան նաև պետք է ստեղծել անվճար բուժօգնության համապատասխան հիվանդանոցներ, առավել ևս, որ դա անհրաժեշտություն է»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում