Բաժիններ՝

Ադրբեջանական սպառնալիքներն իրագործելու ցանկացած փորձ հղի է հենց այդ երկրի համար վտանգավոր հետևանքներով. ԱՀ ԱԳՆ

Արցախի Հանրապետության ԱԳՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Ներսիսյանը news.am գործակալության հետ զրույցում մեկնաբանել է օրերս Ադրբեջանի պաշտպանության նախարարության՝ հայկական կողմին Ադրբեջանի տարածքը գնդակոծելու մեջ մեղադրելը և ԼՂՀ բնակավայրերին հրետանային հարված հասցնելու սպառնալիքները: Արտակ Ներսիսյանը ասել է.

«Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունն արդեն հերքել է ադրբեջանական կողմի այդ պնդումը։ Մենք, մեր հերթին, բազմիցս նշել ենք, որ հայկական կողմերին մեղադրելով հրադադարի ռեժիմի խախտման մեջ՝ ադրբեջանական իշխանություններն իրականում փորձում են քողարկել իրենց պատասխանատվությունը Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում լարվածության սրման համար և խաթարում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը՝ ուղղված ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորմանը։

Ինչ վերաբերում է Արցախի Հանրապետության տարածքի խորքում գտնվող բնակավայրերը գնդակոծելու Ադրբեջանի սպառնալիքներին, ապա դա ծայրաստիճան անպատասխանատու հայտարարություն է։

Հարկ է նշել, որ ադրբեջանական կողմն առաջին անգամ չէ հանդես գալիս նման հայտարարություններով։ Այսպես, դեռևս 2016 թ. ապրիլին Ադրբեջանի պաշտպանության նախարարը սպառնացել էր հրթիռային հարված հասցնել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտին։

Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ադրբեջանական կողմն ինքն իրեն հաշիվ չի տալիս իր գործողությունների ու հայտարարությունների համար, քանի որ նման սպառնալիքներն իրագործելու ցանկացած փորձ հղի է միանգամայն կանխատեսելի ու անչափ վտանգավոր հետևանքներով, առաջին հերթին հենց իր՝ Ադրբեջանի համար»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս