Փետրվարի 12-ի ելույթում հստակ խոսվեց Սերժ Սարգսյանի նպատակների մասին. Գառնիկ Իսագուլյան
Մեր զրուցակիցն է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:
– Փետրվարի 12-ին Սերժ Սարգսյանի ծրագրային ելույթն ինչո՞վ էր պայմանավորված, այն ուղղված էր ավելի շատ արտաքի՞ն, թե՞ ներքին լսարանին:
– Սահմանադրական փոփոխություններին նախորդած և հաջորդած ժամանակահատվածն առաջադրել էր մի շարք հարցադրումներ՝ ուղղված թե´ արտաքին, թե´ ներքին լսարանին, և ՀՀ նախագահը որոշեց դրանց առնչությամբ որոշակի պարզաբանումներ տալ, որոնք ներկայացրեց թեզիսների տեսքով:
– Մինչև նախորդ շաբաթվա վերջ պետք է հայտարարվեր ՀՀԿ–ՀՅԴ համագործակցության վերջնական համաձայնության մասին, իսկ Ս.Սարգսյանի ելույթը կարծես միտված էր դրանից շեղելու հանրության ուշադրությունը: Ինչո՞ւ չխոսվեց կոալիցիայի մասին, արդյոք հնարավո՞ր է, որ այն չկայանա:
– Ինձ միշտ զարմացնում է այն պնդումը, որ նախագահի ցանկացած ելույթի մեջ փորձում ենք գտնել բոլոր հարցերի պատասխանները միաժամանակ՝ ընդհուպ մինչև միջկուսակցական ու ներանձնային հարաբերություններին առնչվող հարցերի պատասխանները: ՀՀԿ-ՀՅԴ փոխհարաբերությունների և հետագա կարճաժամկետ, միջնաժամկետ ու երկարաժամկետ համագործակցության մասին բազմիցս է ասվել թե´ ՀՀԿ, և թե´ ՀՅԴ ղեկավարների կողմից, և ամենևին կարիք չկա, որ ՀՀ նախագահն իր ծրագրային ելույթում անդրադառնա նաև այդ խնդրին: Եվ վերջապես, ոչ թե մենք, այլ ամեն մեկն ինքն է որոշում հարցերի այն շրջանակը, որոնց ինքը պատրաստվում է հաղորդակից դարձնել նաև հանրությանը:
– Ո՞ւմ է ավելի շատ անհրաժեշտ ՀՀԿ–ՀՅԴ կոալիցիան, ինչո՞ւ: Ըստ որոշ տեսակետների՝ Սարգսյանի բուն նպատակը նախքան ընտրական գործընթացները Ռոբերտ Քոչարյանին քաղաքական հենարաններից զրկելն է, և դրան էր միտված նաև մեկ տարի առաջ Գագիկ Ծառուկյանին քաղաքական ասպարեզից հեռացնելը:
– Եթե որևէ կոալիցիայի գործունեություն միտված է բարելավելու հասարակության սոցիալ-տնտեսական վիճակը, նպաստելու մեր երկրի հզորացմանը, նրա պաշտպանության ու անվտանգության ամրապնդմանը, ապա այն ողջունելի է, համենայն դեպս, այդպես են հայտարարում թե´ ՀՀԿ-ն, թե´ ՀՅԴ-ն: Ինչ վերաբերում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նպատակներին, ապա դրանց մասին հստակ խոսվեց փետրվարի 12-ի նրա ելույթում: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասով բազմիցս եմ արտահայտվել և հիմա էլ պնդում եմ. ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ինքն է որոշում իր գործունեության ասպարեզում հանդիպման տեղը, ժամանակն ու զենքի տեսակը:
– Սարգսյանը խոստացել էր սահմանադրական փոփոխություններից հետո չհավակնել ո´չ ՀՀ նախագահի, ո´չ վարչապետի, և ո´չ էլ ԱԺ նախագահի աթոռին: Այս ելույթից ի՞նչ է հետևում, նա մտադիր է շարունակե՞լ ղեկավարել երկիրը, ի՞նչ կարգավիճակով:
– Ես ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից ուղղակի և միանշանակ նման հայտարարության տեղյակ չեմ, այդ մասին ասել են ՀՀԿ տարբեր գործիչներ, որոնց ասածը որպես հիմք ընդունելը, մեղմ ասած, ճիշտ չէ: Հայկական քաղաքական մտածողության մեջ վերջերս ավելի կիրառելի է դարձել «երբեք մի ասա՝ երբեք» արտահայտությունը:
– Ի՞նչ վերադասավորումներ են սպասվում մինչև 2018 թ.:
– Եթե դուք ասեք, թե ինչպիսի դասավորություն կա այսօր, ապա, թերևս, դրանից հետո նոր միայն կարելի է խոսել վերադասավորումների մասին: