
Սիրիայում սպանվել է ապստամբների ազդեցիկ հրամանատարը

Սիրիայում հրթիռային հարվածի հետևանքով սպանվել է ապստամբական «Իսլամի բանակ» («Ջաիշ ալ-Իսլամ») խմբավորման ղեկավարը ու մի քանի բարձրաստիճան դաշտային հրամանատար:
44-ամյա Զահրան Ալուշը ու ևս մի քանի մարդ սպանվել է Դամասկոսի արևելյան արվարձաններին հասցված ավիահարվածների հետևանքով, հայտնում են սիրիական բանակի ու ընդդիմադիրների շրջանում աղբյուրները:
Reuters-ը հաղորդում է, որ հարվածը հասցրել են ռուսական ռազմական ինքնաթիռները, սակայն այդ տեղեկությունը դեռ չի հաստատվել: Ռուսաստանը «Իսլամի բանակ» խմբավորումը համարում է ահաբեկչական կազմակերպություն:
«Իսլամի բանակը» ամենաազդեցիկ խմբավորումներից է, որի կազմում կռվում են տասնյակ հազարավոր զինյալներ: Այն վայելում է Սաուդյան Արաբիայի աջակցությունը ու գործում է հիմնականում Սիրիայի մայրաքաղաքի արվարձաններում:
«Իսլամի բանակի» ներկայացուցիչները մասնակցել էին Սիրիայի ընդդիմության գագաթաժողովին, որը տեղի է ունեցել դեկտեմբերի 9-10-ը Էր-Ռիյադում:
Al-Arabiya-ն հայտնում է, որ սպանվել է նաև Ալուշի տեղակալը: