
Էրդողանը փրկել է ինքնասպանություն գործել ցանկացող տղամարդու կյանքը. ԶԼՄ-ներ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը համոզել է, որ Ստամբուլի Բոսֆորի կամրջից ինքնասպանություն գործել ցանկացող տղամարդը հետ կանգնի իր մտադրությունից, հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը:
Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ նախագահական ավտոշարասյունն անցել է կամրջով: Այն բանից հետո երբ Թուրքիայի նախագահն ու նրան ուղեկցող թիկնապահները տեսել են ոստիկաններին ու տղամարդուն, ավտոշարասյունը կանգնել է, գրում է Daily Sabah-ը:
Էրդողանն այնուհետ իր թիկնապահներին ուղարկել է տղամարդու հետ, որպեսզի վերջինիս հաղորդեն, որ նախագահը ցանկանում է խոսել իր հետ:
«Տղամարդը, ամենայն հավանականությամբ, չէր սպասում տեսնել նախագահին, քանի որ հնազանդվեց ու մոտեցավ մեքենային: Թուրքական սովորույթի համաձայն՝ նա համբուրեց նախագահի ձեռքը՝ որպես հարգանքի նշան»,- գրում է Daily Sabah-ը:
Տղամարդը զրուցել է նախագահի հետ, ով համոզել է նրան չփորձել այլևս իրեն կյանքից զրկել: Հետո Էրդողանը խոստացել է նրան օգնել ու մի քանի զանգ է կատարել տղամարդու ներկայությամբ, ամենայն հավանականությամբ, որպեսզի իր ենթականերին հանձնարարի լուծել տղամարդու խնդիրները, գրում է պարբերականը:
Ինչպես նշում է Anadolu-ն, Բոսֆորի երկու կամուրջներն էլ հայտնի վայր են ինքնասպանություն գործել ցանկացողների համար: Ամեն տարի տասնյակ մարդիկ են ինքնասպան լինում՝ ցատկելով կամրջից: