«Այս խնդիը կարելի է լուծել անհնազանդությամբ՝ գործադուլ անելով, սա ուղղակի թալան է»
Այսօր Ազգային ժողովն ավարտեց արտահերթ նստաշրջանը: 6 օրերի ընթացքում պատգամավորները քննարկեցին 38 նախագծեր: Նիստի վերջում առանց բացառության ընդունվեցին բոլոր քննարկված օրինագծերը, այդ թվում՝ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին, «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, և, իհարկե, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը:
Վերջին նախագծի վերաբերյալ, որով փոփոխվում են երթևեկության կանոնների խախտումների դեպքում սահմանված պատասխանատվության չափերը, ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ իրենք կողմ են օրինագծին, որովետև կարևոր խնդիր է լուծվում, իսկ արագաչափերի հարցը հետո կլուծեն:
Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս օրենքով մի քիչ ավելի թույլ են բռնելու վարորդների կոկորդից և պետք է գոնե այդ մասով կողմ լինել, թեև սա միջանկյալ քայլ է, վերջնականը արագաչափերի արմատախիլ անելն է:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ այս խնդիը կարելի է լուծել անհնազանդությամբ՝ գործադուլ անելով, սա ուղղակի թալան է, որ գնում է Սաշիկ Սարգսյանի գրպանը:
«Ես խնդրում եմ` 20 վայրկյան ունեք, շարունակեք,- Փոստանջյանին հեգնեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, բայց լսելով, որ նա ավարտել է իր խոսքը, հավելեց,- Ուրեմն` շնորհավոր Նոր տարի»:
Ի դեպ, քվեարկության ընթացքում հանրապետական պատգամավորների շարքերից բողոքներ էին լսվում, որ Ամանորից առաջ իրենց շահագործում են և 24 ժամ աշխատեցնում: