Բաժիններ՝

Հարուցվել են քրեական գործեր՝ Շիրակի մարզի տարբեր ընտրատեղամասերում այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքերի առթիվ

2015թ. դեկտեմբերի 6-ին ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում տեղ գտած խախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ստացված ահազանգերի հիման վրա նախապատրաստված նյութերով հարուցվել է 4 քրեական գործ՝ այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքերի առթիվ։

Այսպես՝

– ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում դեկտեմբերի 6-ին ստացվել է «tsayg.am» տեղեկատվական հարթակում հրապարակված՝ «Գյումրիում քվեարկել են քաղաքացու փոխարեն» վերտառությամբ հոդվածի պատճենը։ Ահազանգի հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ 35/37 ընտրատեղամասի ընտրող Նազելի Բաղդասարյանի անուն-ազգանվան դիմաց ընտրացուցակում ստորագրել է այլ քաղաքացի, ով իր ընտրությունն իրականացրել է նույնականացման քարտով:

Նկատի ունենալով, որ նյութերն առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով՝ այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ։

– ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում դեկտեմբերի 6-ին ստացվել է «galatv.am» տեղեկատվական հարթակում՝ «ՌԴ-ում գտնվող քաղաքացու փոխարեն տեղի է ունեցել քվեարկություն» վերտառությամբ հրապարակված հոդվածի պատճենն այն մասին, որ Ռուսաստանում գտնվող քաղաքացու փոխարեն կատարվել է քվեարկություն։ Ահազանգի հիման վրա մարզային քննչական վարչությունում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ թիվ 35/28 ընտրատեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկված Աշոտ Հարությունյանի անվան դիմաց եղբայրը հայտնաբերել է ստորագրություն և անձնագրային տվյալներ, մինչդեռ Ա.Հարությունյանը գտնվում է Ռուսաստանում։

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի հատկանիշներով։

– ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ստացվել է «asparez.am» տեղեկատվական հարթակում 06.12.2015 թվականին հրապարակված «Քաղաքացիների լրահոսը ըստ «Քաղաքացի դիմորդ» նախաձեռնության» վերտառությամբ նյութը, որի հիման վրա նախապատրաստվել են նյութեր։ Պարզվել է, որ թիվ 35/35 ընտրատեղամասի ընտրող Ա.Մաթևոսյանը 2015 թվականի դեկտեմբերի 6-ին գնացել է նշված ընտրատեղամաս՝ մասնակցելու ՀՀ Սահամանադրության փոփոխությունների հանրաքվեին և նկատել, որ ընտրողների ցուցակում ներառված Ռուսաստանի Դաշնությունում գտնվող որդու՝ Հովհաննես Մաթևոսյանի անվան դիմաց առկա են ընտրությանը մասնակցելու վերաբերյալ տվյալներ:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի հատկանիշներով։

– «asparez.am» տեղեկատվական հարթակում 06.12.2015 թվականին հրապարակված նույն՝ «Քաղաքացիների լրահոսը ըստ «Քաղաքացի դիմորդ» նախաձեռնության» վերտառությամբ նյութի ուսումնասիրության արդյունքում նյութեր են նախապատրաստվել նաև թիվ 34/06 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ։ Պարզվել է, որ թիվ 34/06 ընտրատեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկված և հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող Սուսաննա Գևորգյանի, նրա՝ ՀՀ-ից բացակայող հարազատների՝ Գագիկ և Վաղինակ Գևորգյանների փոխարեն կատարվել է քվեարկություն:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի հատկանիշներով։

Նշված բոլոր դեպքերով Շիրակի մարզային քննչական վարչության քննիչների կողմից ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ գործողությունները՝ դեպքի բոլոր հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։

Այսպիսով՝ ՀՀ քննչական կոմիտեի քննչական ստորաբաժանումների վարույթում քննվում է 23 քրեական գործ՝ տարբեր ընտրատեղամասերում այլ անձի փոխարեն քվերակելու դեպքերի վերաբերյալ։ ՀՀ քննչական կոմիտեում հարուցված ևս 6 քրեական գործ (3-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածի հատկանիշներով, 3-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի հատկանիշներով) ուղարկվել է ըստ քննչական ենթակայության՝ ՀՀ հատուկ քննչական ծառայություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս