Վահան Բաբայանն ու Զարուհի Փոստանջյանն էլ վիճաբանեցին. «Էտ ա՞ ձեր վստահությունը, թե՞ էտ ա ձեր իշխանափոխության ու հեղափոխության կոչերը»

Այսօր ԱԺ արտահերթ նիստում «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրինագծի քննարկման ժամանկ ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանն անդրադարձավ իր բնորոշմամբ «որոշ շիզոֆրենիկ» հայտարարությունների՝ ակնարկելով «Ժառանգության» ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանին:

«Այս ամբիոնից խոսում են քաղաքականությունից այն մարդիկ, ովքեր Ազատության հրապարակում 100 հոգուց ավել չեն կարողանում հավաքեն, ովքեր չեն կարողացել տեղամասերում ապահովել իրենց թիմակիցների ներկայությունը: Ասեմ ավելին՝ այլ կուսակցությունների նշաններով նստած տեղամասերում իրենց կուսակցության քվոտաների հիման վրա մարդիկ նստած աշխատում էին, էսօր մարդիկ էս ամբիոնից բարձրագոչ հայտարարություններ են անում: Դա ուղղակի ծիծաղելու է: Եվ խնդրում եմ այս ամբիոնը չօգտագործել նման էժանագին PR անելու համար, որովհետև դա անլուրջ ա»,- ասաց Վ.Բաբայանը՝ խորհուրդ տալով մտածել սեփական հեղինակության, կուսակցության ու խմբակցության մասին:

Ըստ նրա՝ քաղաքականությունը ոչ թե բարձր «ճղճղալով» ու գոռգոռալով է, այլ ինչ-որ լուրջ բաներ ասելով, և լուրջ քննադատությունը կարող է ստանալ պատասխան լուրջ քննադատություն. «Մտածեք ձեր մասին, ձեր թիմակիցների մասին և նրա մասին, որ արդյոք դուք այստեղ ճղճղում եք, բայց 100 հոգի մարդ չուենք ձեր մեջքի ետևում: Էտ ա՞ ձեր վստահությունը, թե՞ էտ ա ձեր իշխանափոխության ու հեղափոխության կոչերը: Դուք արդեն տապալված, ֆիասկո ապրած քաղաքական ուժ եք: Շնորհավորում եմ ձեզ»:

Զ.Փոստանջյանն իր ելույթում հայտարարեց, որ ԱԺ օրակարգի թիվ մեկ հարցը պետք է իշխանափոխությունը լինի, իսկ նման հայտարարությունները, թե մարդ չունեք, կարևոր չեն: Ըստ նրա՝ կարևորը միակամ ցանկությունն է՝ ազատվել հանցավոր ռեժիմից:

Թեև Բաբայանի ելույթը ԱԺ նիստը նախագահող փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը ոչ մի անգամ չընդհատեց, սակայն հարկ համարեց ընդհատել Փոստանջյանին ու հակադարձել, թե ՀՀ-ում հանցավոր ռեժիմ չկա:

«400 հազարից ավելի ձայները, որ ոչ ասացին գործող ռեժիմին, նշանակում է, որ ունենք լուրջ դիմադրություն: Այդ լուրջ դիմադրության հետ, ովքեր հաշվի չեն նստում և ծաղրում են, նրանք են վաղը մյուս օր խնդիրներ ունենալու: Պետք չէ ծաղրել, որովհետև դուք եք դառնալու ծաղրի առարկա: Եվ ձեր ելույթները մի քանի ամիս առաջ և հիմա արդեն իսկ ծաղրի առարկա են, որովհետև երբ դրանք դնում են իրար կողք, ես չեմ ծաղրում, ծաղրում է հանրությունը»,- իր ելույթը շարունակեց Զ.Փոստանջյանը՝ նշելով, որ փոքրամասնություն լինելը չի նշանակում, որ ճշմարտությունը փոխվում է:

Տեսանյութեր

Լրահոս