Ինչո՞ւ Կառավարությունն ու ԱԺ-ն չեն օգտվում հայկական արտադրության համակարգիչներից

«Անկախ նրանից, թե ինչ մոտեցում է կիրառվում ներմուծման մասով, գոնե մենք մեր տեղական արտադրողին խթանելու քաղաքականություն պետք է իրականացնենք: Մինչդեռ մեր ազատ տնտեսական գոտում ստեղծված «Արմթաբ» ձեռնարկությունը ոչ միայն չի կարողանում արտահանել տարբեր տիպի խոչընդոտների պատճառով, այլև սահմանափակված է նրա մուտքը հայկական շուկա»,- այսօր ԱԺ նիստում հայտարարեց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծի քննարկման ժամանակ:

Նա հարցադրում արեց, թե ինչո՞ւ կառավարությունն ու Ազգային ժողովը չեն օգտվում հայկական արտադրության համակարգիչներից: Ըստ Ա.Մինասյանի՝ ընկերությանը պարտադրում են ԱԱՀ վճարել, որ նոր կարողանա իրացնել իր արտադրանքը ՀՀ-ում. «Լավ գոնե քվոտա տվեք, որ տեղական արտադրությունը մտնի շուկա: Ուրիշ ի՞նչ ձևով պետք է կարողանանք տեղական արտադրություն զարգացնել: Եթե մենք ինքներս իբրև պետական այրեր մեր առջև դրված համակարգիչները տեղական արտադրության չեն, կամ գոնե «թողարկված է Հայաստանում» արտադրանքը չի, մենք ո՞նց պետք է ցույց տանք դրսի կազմակերպությանը, որ այ էս կազմակերպության նկատմամբ ապրանքների պահանջարկ ներկայացնի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս