«Շատ մի վախեցեք, որովհետև մենք ձեզ ցավ չենք պատճառելու». Փոստանջյանը՝ Շարմազանովին

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի և «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի միջև ծագած վիճաբանությունից և այդ պատճառով հայտարարված 30-րոպեանոց ընդմիջումից հետո ԱԺ արտահերթ նիստը շարունակվեց և Է. Շարմազանովը հայտարարեց, որ Փոստանջյանը դեռ 2 րոպե 30 վայրկյան ժամանակ ունի, կարող է շարունակել ելույթը, բայց հորդորեց խոսել օրենքի վերաբերյալ ու կոռեկտության շրջանակում:

Զ. Փոստանջյանը հայտարարեց, որ ոչ միայն խոսքի ազատությունն է վտանագավոր ՀՀ-ում գործող ռեժիմի համար, այլև իրենց վերաբերմունքը. «Հետևաբար՝ մենք ենք վտանգ ներկայացնում ռեժիմի համար, բայց շատ մի վախեցեք, որովհետև մենք ձեզ ցավ չենք պատճառելու, ինչպես դուք եք մեզ ցավ պատճառում»:

Զ.Փոստանջյանը հայտարարեց, որ «Նոր Հայաստան» ճակատը հայտարարել է ծրագիր և գործողությունների շարք, որ իրականացնելու է մոտակա օրերին, մասնավորապես՝ դեկտեմբերի 16-ին «Նոր Հայասատանը» ժամը 11:00-ին լինելու է Կապանում և անցկացնելու է քաղաքացիական ժողով՝ համախմբելու և որոշելու այն գործիքները, որով պետք է անհնազանդություն հայտնեն հանցավոր ռեժիմին, նույն օրը ժամը 14:00-ին լինելու են Գորիսում և անցկացնելու են երթ՝ ընդդեմ Լիսկայի և նրա ապօրինի գործողությունների, նաև քաղաքացիների հետ են հանդիպելու, դեկտեմբերի 16-ին ժամը 13:30-ին լինելու են Սիսիանում, անցկացնելու են քաղաքացիական ժողով, դեկտեմբերի 16-ին ժամը 17:30-ին Եղեգնաձորում քաղաքացիական ժողով, ամսի 17-ին և 18-ը նորից միջոցառումների օրեր են, 18-ին հավաքվելու են Ազատության հրապարկում:

«Թույլ չենք տալու, որ կեղծված հանրաքվեն անցնի»,- ասաց Զ.Փոստանջյանը:

Է.Շարմազանովը նշեց, որ պատգամավորը կրկին շեղվեց քննարկվող թեմայից, սակայն ըստ էության խոսեց միայն հարկերից՝ կոչ անելով որպես անհնազանդություն չվճարել դրանք. «Բայց եթե հարկերը չվճարեն, բանակ ո՞նց ենք պահում, տատիկ պապիկների թոշակը ո՞նց ենք տալու, աշխատավարձերը մարդկանց՝ մանկավարժների ու բժիշկների, ո՞նց ենք տալու, իր աշխատավարձը ո՞նց ենք տալու: Դրա համար խոսելուց առաջ լավ կլինի մտածել»:

Տեսանյութեր

Լրահոս