
ՀԱՊԿ-ի ռազմական կոմիտեն «Սու-24»-ի կործանումը ագրեսիա է որակել. Յուրի Խաչատուրով

ՀԱՊԿ-ի ռազմական կոմիտեի նիստի մասնակիցները միաձայն աջակցել են Սիրիայում Ռուսաստանի գործողություններին և դատապարտել Թուրքիայի ռազմաօդային ուժերի կողմից ռուսական «Սու-24» ռմբակոծիչ ինքնաթիռի կործանումը։
Ինչպես հայտնում է RIA Novosti-ն, այս մասին այսօր հայտարարել է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը:
«ՀԱՊԿ անդամ երկրների շտաբների բոլոր պետերն աջակցել են Ռուսաստանի դիրքորոշմանը, ստոր ագրեսիա են որակել (ռուսական ինքնաթիռի ոչնչացումը) Թուրքիայի Հանրապետության գործողությունները: Այլ կերպ դա մենք չէինք ցանկանա գնահատել, դա թիկունքից հարված էր, ինչպես միանգամից այդ մասին ասացին Ռուսաստանում»,- ասել է Խաչատուրովը, ով այսօր ստանձնել է ՀԱՊԿ-ի ռազմական կոմիտեի նախագահությունը:
Նա ընդգծել է, որ «մենք աջակցել ենք ՌԴ-ին իր բոլոր որոշումներում»:
«Մենք Ռուսաստանի հետ ենք բոլոր հարցերում։ ՀԱՊԿ-ը, ինչպես երբեք, միասնական է ու կուռ: Մենք շարունակելու ենք ամրանալ: Բոլոր որոշումները, որոնք այսօր ընդունվել են կոմիտեում, վկայում են իմ խոսքերի օգտին»,- հայտարարել է Խաչատուրովը:
Իր հերթին, ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը նշել է, որ նիստում քննարկվել են միջոցառումներ, որոնք հարկավոր է ձեռնարկել «կանխարգելելու ՀԱՊԿ-ի տիրույթի տարբեր շրջաններում ահաբեկչական ձգտումների հետագա զարգացումը»: