«Ի՞նչ անեմ սրան». Գալուստ Սահակյանը՝ Զարուհի Փոստանջյանի մասին

Այսօր ԱԺ նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հարց տալուց առաջ փորձեց համակարգչով ինչ-որ տեսանյութի ձայն միկրոֆոնով հնչեցնել, սակայն ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը կարգադրեց անջատել խոսափողն ու նրան հորդորեց սեփական բառերով շարադրել միտքը:

Զ.Փոստանջյանն իր հերթին Գ.Սահակյանին հորդորեց մի քիչ զուսպ լինել. «Այդպիսի դրսևորումները Ձեզ չեն գեղեցկացնում և Ձեր հետևից շատ տգեղ արտահայտություններ են արվում»:

«Կարևորը, որ Ձեր դիմացից են ասում»,- հակադարձեց Գ.Սահակյանը:

Զ.Փոստանջյանը նշեց, որ տեսահոլովակը շուտով լայնորեն հասանելի կլինի և դրանում կոչ է, որ դեկտեմբերի 11-ին Ազատության հրապարակում տեղի ունենալիք համաժողովին պետք է քննարկեն, թե ինչպես պետք է ազատվեն այս հանցավոր ռեժիմից, հայտարարեն օրակարգն ու գործողությունների ծրագիրը, որոնց թվին է պատկանում նաև այս տարվա համապետական անհնազանդության երկրորդ միջոցառումը, որով պետք է կաթվածահար անեն գործող ռեժիմը և դա գործադուլն է:

Զ.Փոստանջյանը համոզվածություն հայտնեց, որ ռեժիմից կարելի է ազատվել և գործողությունները պետք է լինեն հետևողական ու ռեժիմն ինքն իրենով կնահանջի:

Հարցի համար տրամադրվող ժամանակը լրացավ և արդեն անջատված խոսափողով Զ.Փոստանջյանը կառավարության «մեծահարուստ» անդամներին հարցրեց՝ գալո՞ւ են Ազատության հրապարակ, թե՞ ոչ:

«Ի՞նչ անեմ սրան: Համարենք մշակութային միջոցառում և վարենք ընթացքը»,- փորձեց ելք գտնել ԱԺ նախագահը:

Զ.Փոստանջյանի պահանջին, որ հարցին պատասխանեն, Գ.Սահակյանը նշեց՝ «Ձերը երգ էր, շաբաշ տվող էլ չկա, թողեք շարունակենք», ու հարց տալու համար խոսափողի մոտ հրավիրեց  Արծվիկ Մինասյանին:

«Կարող եք ստանդարտ պատասխանը տաք՝ կառավարությունը գրավոր կպատասխանի»,- իրավիճակը փորձեց հարթել Ա.Մինասյանը և արձագանքի համար խոափողը տրամադրեց Զ.Փոստանջյանին, բայց Գ.Սահակյանը մնաց անդրդվելի և Փոստանջյանին թույլ չտվեց խոսել՝ կոչ անելով ավելի չընդգծել իրեն. «Դուք հարց չեք տվել, կառավարությունն էլ չի պատասխանում, դրա իրավունքն ունի»:

Տեսանյութեր

Լրահոս